Երեւանում այսօր մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը: Վեցրերորդ փուլի շրջանակներում աշխարհի 12 երկրներից Հայաստան են ժամանել 105 պատանիներ եւ երիտասարդներ: Նրանք ներկայացնում են Չեխիան, Հոլանդիան, Գերմանիան, Բելգիան, Մակեդոնիան, Բուլղարիան, Իրանը, Ուկրաինան, Բելառուսը, Թուրքմենստանը, Ռուսաստանը, Վրաստանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ Հայաստանում նրանց բավական հագեցած օրեր են սպասվում: Ծրագրի մասնակիցները 14 օրվա ընթացքում կլինեն Հայաստանի պատմամշակութային, գեղատեսիլ վայրերում, թանգարաններում, ինչպես նաեւ վերջին մեկ շաբաթը հյուրընկալող ընտանիքի երեխայի հետ կլինեն ճամբարում: Այդ օրերին նաեւ բազմաթիվ հանդիպումներ կկազմակերպվեն հայտնի մարդկանց հետ:
«Համոզված եմ, որ այս 14 օրերն անակնկալներով լի են լինելու: Երեխաները կապվելու են իրենց հայրենի հող ու ջրի հետ եւ գնալու են իրենց երկիր' վերադառնալու ակնկալիքով»,-ասաց Հ. Հակոբյանը' հավելելով, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին Հայաստանում միշտ սպասում են:
Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր մարզերին, համայնքներին, հյուրընկալող ընտանիքներին, որոնք ակտիվ մասնակցություն են ցուցաբերում եւ ջերմ ընդունելություն կազմակերպում:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660639/
|