Այս երկրում, ցավոք, ամեն ինչ կամայական է արվում: Գալիս է ղեկավար, որը մենակ նստում և որոշումներ է կայացնում: Դրա համար, սակայն, կա քաղաքաշինական խորհուրդ, որը չի գործում հենց այդ նույն կամայականությունների պատճառով: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց գեղանկարիչ, Երևանի նախկին գլխավոր նկարիչ Սամվել Սևադան՝ անդրադառնալով Facebook-յան «Պահպանե՛նք Աֆրիկյանների տունը» նախաձեռնության անդամների գործունեությանը, որոնք փորձում են փրկել 19-րդ դարում Աֆրիկյան ընտանիքի կառուցած շինությունը և թույլ չտալ այն քանդել:
«Երևանը շատ խայտաբղետ տեսք ունի: Հյուսիսային պողոտան մեր քաղաքի դեմքին ոչինչ չավելացրեց»,- ցավով նշեց Ս.Սևադան՝ ավելացնելով, որ հին Երևանից այսօր գրեթե բան չի մնացել:
Նրա խոսքով, հրաշալի կլիներ, եթե կենտրոնական փողոցներից մի երկուսն ազատեին ու հին, համարակալված տները բերեին ու կառուցեին Հյուսիսային պողոտայի տեղում կամ գոնե պահեին 1940-1950-ականների շենքերի մոտիվը:
«Եթե քաղաքաշինական խորհուրդը որոշում է, որ այդ եկեղեցին այդտեղ չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի: Շինարարությունն էլ մտածողության արտահայտություն է: Հիմա մեր շինարարությանը նայելիս տեսնում ենք՝ ինչ թափթփված ժողովուրդ ենք»,- հավելեց Ս.Սևադան:
Գեղանկարիչը մտադիր է հրատարակել մի ալբոմ, որտեղ զետեղված կլինեն այդ թվականներին կառուցված «արտակարգ գեղեցիկ» շենքերի լուսանկարները:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_29191.html
|