Երեկ կառավարությունը որոշում է ընդունեց, համաձայն որի՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի հարակից 5853 քմ տարածքը կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով տրամադրվեց Երևանի քաղաքապետարանին՝ 2011-2014-ին ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Մասնավորապես, նախատեսվում է կառուցել միջազգային դասի («չորսաստղանի»-ից ոչ պակաս) հյուրանոցային համալիր:
«Առաջին լրատվական»-ը ճարտարապետ Սաշուր Քալաշյանից փորձեց ճշտել՝ որքանո՞վ է նպատակահարմար ու հնարավոր մետրոյի շրջակայքում հյուրանոցային համալիր կառուցելը:
«Քաղաքաշինական խորհրդում ես ասել եմ, որ դեմ եմ: Տեղանքը բոլորովին հարմար չէ նման կառույց անելու համար այն տարբերակով, որ իրենք են առաջարկում: Քննարկման դրվել է հյուրանոցի կառուցման հարցը, բայց Նալբանդյան փողոցի, գլխավոր պողոտայի կարմիր գծերով անկյունաձև շենքը, որի առաջին հարկը պետք է զբաղված չլինի, որ մետրոյի մուտքը չփակվի, իսկ դա նշանակում է, որ դա անիմաստ ծախսած փող է: Այդտեղ ութհարկանի հյուրանոց չի տեղավորվի, որովհետև տեղանքը լայնք չունի: Մետրոն չի թողնում, որ այն լայնք ունենա»,- ասաց ճարտարապետը:
Նրա խոսքով՝ այդպիսի հյուրանոց չի կարող գոյություն ունենալ: Իսկ դա նշանակում է, որ կարվի ոչ թե այդ, այլ բոլորովին մեկ այլ նախագիծ, որն «ամենևին էլ ընդունելի չի լինի»:
«Իմ կարծիքով՝ դա աչքակապոց է: Սա ընդամենը մի արձանագրություն էր, որ իբր համաձայնություն է եղել, հետագայում էլ ուրիշ բան կսարքեն , էլի կասեն՝ համաձայնել էին: Ո՞վ է հիշում, թե ինչին է համաձայնել»,- ասաց Ս. Քալաշյանը:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30617.html
|