Մի քանի օրից Երևանի Մնջախաղի պետական թատրոնը երկու ներկայացումով կմեկնի Ցյուրիխ: Մշակույթի նախարարությունն ու Ցյուրիխի հայկական ընկերությունը միջոցառում են կազմակերպել՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Այնտեղ ներկայացնելու ենք մեր արվեստը: Ի դեպ, մեր հանդիսատեսը լինելու է մեծ մասամբ շվեյցարացիներ: Սա այն ժանրն է, որը երբևէ խնդիրներ չի ունեցել ու չունի լեզվի հետ»,- ասաց Դադասյանը:
Նրա խոսքով՝ Մնջախաղի թատրոնն, ըստ էության, ամենաշատ «արտահանվող» թատրոնն է, ինչը թույլ է տալիս մտածել ժանրի զարգացման մասին:
«Պետք է զարգացնել այդ ժանրը, մանավանդ, որ ժանրը չունի այդ խնդիրը: Ուրախությամբ պիտի նշեմ, որ կա «Միմ ստուդիոն», որը ավելի շատ պարային կլոունադայով է զբաղվում», - ասաց Դադասյանն՝ ընդգծելով, որ որքան շատ լինեն տարատեսակ մնջախաղի թատրոնները, այնքան այն ավելի դիտարժան կլինի:
Ըստ Դադասյանի՝ իր վաղեմի երազանքներից մեկն այն է, որ Հյուսիսային պողոտայում հավաքվեն դերասաններ, փողոցային երաժիշտներ, ինչը Երևանին մայրաքաղաքային շունչ կհաղորդի ու կգրավի զբոսաշրջիկներին:
«Պետք է ստեղծենք քաղաքային այդ մշակույթը, որը կա բոլոր եվրոպական մեծ մայրաքաղաքներում»,- հավելեց վերջինս:
Մնջախաղի թատրոնը Շվեյցարիա կմեկնի «Արմենոիդս» խմբի հետ:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30126.html
|