Return Churches հայտնի բանաձևի ընդունումից հետո հնչեցին բազում տեսակետներ` համաձայն որոնց Թուրքիան առերես կընդունի, սակայն չի կատարի քրիստոնյաներին եկեղեցիներ վերադարձնելու և պարբերաբար պատարագների իրականացման թույլտվության տրամադրման պահանջները: Այնուհանդերձ, հաշվի առնելով ներքին լարված դրությունը, բարձրագույն ռազմական հրամանատարության հրաժարականը, Սիրիայի հետ վատթար հարաբերությունները, քրդերի խնդիրը և այլն` Թուրքիայի Կառավարությունը հարկադրված էր որոշակի քայլեր ձեռնարկել:
Երկու օր առաջ թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները գովերգում էին «ժողովրդավարական ուղիով շարժվող Թուրքիան, որը բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում իր պետության քրիստոնյա բնակիչների նկատմամբ», քանի որ այս տարի ևս Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում այս տարվա պատարագը է մատուցվելու, այս անգամ` սեպտեմբերի 11-ին: Թուրքական Sondakika լրատվական կայքը և Dogan լրատվական գործակալությունը հայտնում են, որ անգամ լուրջ նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:
Ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով` Վան են մեկնել Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը և հոգևոր խորհրդի նախագահ Թաթուլ Անուշյանը: Հարկ է նշել, որ վերջիններս սկզբում այցելել են Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուին, որպեսզի քննարկեն առաջիկա պատարագի կազմակերպչական հարցերը: Նահանգապետն իր հերթին հավելել է, որ իրենք կանեն հնարավորինը` կրոնական արարողությունը Սուրբ Խաչում անվտանգ և առանց պատահարների կազմակերպելու համար:
Արքեպիսկոպոս Աթեշյանը հարցազրույցում ասել է. «Ի տարբերություն անցած տարվա` այս անգամ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու խնդիր չկա. այն արդեն ամրացված է: Այս տարի պաշտոնական հրավերներ չեն լինելու, քանի որ անցած տարի պաշտոնական հրավերներ ուղարկեցինք բացման արարողության համար: Այս տարի պարզապես գալու ենք` Աստծուն աղոթելու»:
Պետք է ասեմ նաև, որ ադրբեջանական մամուլն ակտիվորեն քննարկում էր օրեր առաջ Թուրքիայի Հաթայ նահանգի հարավային Իսքենդերուն քաղաքում շուրջ 9 տարի չգործող հայկական եկեղեցու վերաբացումն ու այնտեղ իրականացված պատարագը: 1872 թվականին հիմնված Քառասուն մանկանց եկեղեցու քահանա Սարգիս Սերոբ Բիլյանը մահացել էր 2002-ին, այդ ժամանակից ի վեր եկեղեցում պատարագ չէր եղել: Եկեղեցու վերաբացումը մեկնաբանվում է` որպես «Թուրքիայի հանդուրժողական քաղաքականության արդյունք, որը ձգտում է խաղաղության մթնոլորտի պահպանմանը»:
Իրականում Թուրքիան չի կատարի Return Churches բանաձևի դրույթները, պարզապես մի քանի պատարագի ու մի քանի եկեղեցու վերանորոգման թույլտվություն կտա, ապա բազմիցս կնշի ու կազդարարի այդ մասին` Արևմուտքին և հատկապես ԱՄՆ-ին առավել ժողովրդավար երևալու նպատակով: Այսքանից հետո հարց է ծագում` արժե՞ արդյոք հենց սեպտեմբերի 11-ին այցելել Աղթամար…
Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-04-24-07-38-31/360-church-and-liturgy
|