Օգոստոսի 4-ին ավարտին կմոտենան Երևանում հուլիսի 25-ից ընթացող արվեստի համադրողների ամառային միջազգային սեմինարները, որոնք կազմակերպվել են Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի կողմից (AICA Հայաստան): Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ծրագրի համահեղինակ, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանն, այս տարվա սեմինարների թեման` «Արվեստի անդրազգային իրադարձության ինստիտուցիոնալ և գաղափարական գործողությունը» պայմանավորված է Վենետիկի Միջազգային Բիենալեի հերթական թողարկումով: Ծրագրի համահեղինակ, արվեստի պատմաբան Անժելա Հարությունյանի խոսքերով` թեպետ ծրագրի ընթացքում թիրախային էին միջազգային արվեստի խնդիրները, այնուամենայնիվ, փորձ արվեց նաև սևեռուն հայացք նետել նաև մեր երկրում արվեստի դաշտում ինստիտուցիոնալ խնդիրների վրա, ֆինանսավորման մեխանիզմների և այլն: «Շատ երկրներում քննադատական մտքի պակաս կա, սակայն պետք չէ մոռանալ, որ հենց քննադատության շնորհիվ միտքը կարող է զարգանալ», - իր հերթին նշեց ծրագրի մասնակից Բասսամ Էլ Բարոնին: Նշենք, որ ըստ կազմակերպիչների` 10 օրվա ընթացքում երիտասարդ փորձագետներ և համադրողներ բանախոսությունների, կոլեկտիվ քննարկումների, խմբային ընթերցումների միջոցով քննարկեցին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` ո՞րն է այս շրջանի ազդեցությունը որոշակի տեղային համատեքստերի վրա, ինչպե՞ս է գեղարվեստական արժեքը կառուցվում ու արտացոլվում նման իրադարձությունների միջոցով: