Ինչպես հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը, հուլիսի 31-ին Քընալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում մի խումբ բարեգործների նախաձեռնությամբ մկրտվել է 6-10 տարեկան 8 երեխա, որոնք նախկինում չէին մկրտվել՝ մկրտության մեծ ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով:
Ամառային արձակուրդը Քընալը կղզու Կզդուրման կայանում անցկացնող Նազլըջան Զեյֆիյանի, Յասեմին Զեյֆիյանի, Ալիսա Բաքըրջըի, Սիլվա Էրայդընի, Մաթիլդա Ջերեն Քեսքինի, Շահան Քյուչյուքբինգյոլի, Ալեքսանդր Ուգասյանի և Կարինե Մխիթարյանի մկրտության արարողությունը կատարեցին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ հայր Թաթուլ Անուշյանը և ավագ քահանա Դամադյանը: Մկրտության նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Քընալը կղզու բնակիչները:
Եկեղեցու այգում կազմակերպված կոկտեյլի ժամանակ պատվոգրեր հանձնեցին Քընալը կղզու Սուրբ Գրիրգուր Լուսավորիչ վաքըֆի նախկին ղեկավար խորհրդի անդամներին: Արետ Չիզմեջյանի, Գևորգ Չեմբերի, Վարդուհի Մըսըրլայանի և Համբո Քյուչյուքյանի հետ մեկտեղ շնորհակալագրեր ստացան 20 տարի շարունակ վաքըֆի հաշվապահական աշխատանքները կատարող Տիգրան Դյուլգերյանն ու վաքըֆի պաշտոնական աշխատանքները կամավոր սկզբունքով կատարող Միհրան Դերյան: