Մոսկվայում բացվեց հերթական` 33-րդ միջազգային կինոփառատոնը: Այն բացվեց Մայքլ Բեյի «Տրանսֆորմերները 3» հոլիվուդյան բլոգբասթերի համաշխարհային պրեմիերայով: Այս կինոֆորումի գրեթե «մշտնջենական» տնօրեն Նիկիտա Միխալկովն իր ելույթում այն հույսը հայտնեց, որ «երեւի թե սա նախավերջին կինոփառատոնն է, որ Մոսկվան անցկացնում է առանց սեփական կինոպալատի», իհարկե, ակնարկելով քաղաքային իշխանությունների տված խոստման մասին:
Ժյուրիի նախագահը մեծն Չարլզ Չապլինի դուստրն է` Ջերալդին Չապլինը, իսկ հյուրերի թվում են, բացի «գլամուրային աստղերից», նաեւ միշտ սկանդալների պատրաստ Վլադիմիր Ժիրինովսկին, ինչպես նաեւ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի կինը` Դագմար Հավլովան, ով առողջական խնդիրների պատճառով Մոսկվա չժամանած իր ամուսնու փոխարեն մրցութային ծրագրին է ներկայացնում վերջինիս հեղինակային ֆիլմը (նոր իմացանք, որ Հավելը քաղաքականությունը թողնելուց հետո իրեն նվիրել է չեխական կինոյին):
Հյուրերի մեջ է նաեւ Ջոն Մալկովիչը, ում հենց բացման արարողության ժամանակ հանձնվեց մրցանակ` համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ ներդրման համար: Ինքն էլ փոքր-ինչ ինքնատիպ շնորհակալական խոսք ասաց, թե չնայած Մոսկվայում մինչ այս եղել է (ուղղակի եկել էր ֆռֆռալու), բայց առաջին անգամ է մասնակցում կինոփառատոնին եւ տարօրինակ զգացում ունի, քանի որ մրցանակ է ստանում այն մարդուց (խոսքը վերոնշյալ Ջերալդինի մասին է), ում հետ առաջին անգամ բախտ է վիճակվել իր պատանի ժամանակ նկարահանվել «մասսովկայում»: Բա՜, ինչպես ռուսները կասեին` «мир тесен»:
Վաղուց արդեն «Ա» կատեգորիայի վարկանիշ նվաճած մոսկովյան կինոփառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 2-ը, որի շրջանակներում կցուցադրվի 400-ից ավելի ֆիլմ: Մրցութային ծրագրում Հայաստանն իհարկե ներկայացված չէ: Դե, ինչ ասենք, տարոսը հաշված օրեր անց մեկնարկող մեր «Ոսկե ծիրանին», ճիշտ է՝ մեզ մոտ Մալկովիչներն ու Չապլինները ներկա չեն լինում, բայց դե մենք էլ` մեր «գյորա»: Մնում է, որ «մեկկինոթատրոնանոց» մեր երկրում կարողանանք պատշաճ ձեւով «էշը ցեխից հանենք»:
Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/27/kinoparaton/
|