Մենք չունենք մշակութային քաղաքականություն: Այն լրիվ մատնված է ինքնահոսի: Ինքնահոսն իր հերթին ծառայում է քանակի, քանակն էլ, պարզ է, որ պիտի լինի ցածր ու ծառայի բնազդներին: «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով Հայաստանում ձևավորված նոր քաղաքական մշակույթի՝ՀԱԿ-իշխանություն երկխոսության պարագայում մշակույթին հատկացվելիք տեղի ու դերի մասին, ասաց երգչուհի Լիլիթ Պիպոյանը:
Նրա կարծիքով՝ մեր հասարակարգն առանձնապես տեղ չի թողնում մշակույթի համար և մշակույթի նկատմամբ պետական առումով սատարում չկա: «Բնազդներն ավելի են ուղղորդում մեր մշակույթը, քան գիտակցությունը»,- ասաց երգչուհին:
«ՀԱԿ-ը կմտցնի՞ ինչ-որ բան՝ դժվարանում եմ ասել, բայց մեծ հաշվով հոռետես եմ: Մշակույթին սատարելու համար պետությունը պետք է գոնե հարուստ լինի: Մշակույթը չպետք է թողնված լինի բացարձակապես ինքնահոսի»,- ասաց Լ.Պիպոյանը՝ընդգծելով, որ մշակույթն աջակցության կարիք ունի, սակայն աջակցությունը ոչ միայն ֆինանսապես պետք է լինի:
Նրա խոսքով, պետությունը պետք է այնպիսի «թեթև» պայմաններ ստեղծի, որ այն մարդիկ, ովքեր ընդհանուր հոսքի մեջ չեն տեղավորվում ու ուզում են նոր բան անել՝ կարողանան անել: «Բայց ես իսկապես հույս չունեմ, քանի որ կարծում եմ, որ շատ ուրիշ լուրջ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն ու հետո հերթը նոր հասնի մշակույթին, բայց դա կարող է երկար ժամանակ պահանջել»,- ասաց երգչուհին՝ավելացնելով, որ այդ՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսության հետ առանձնապես հույսեր չի կապում, քանի որ վերջիններս միմյանց հետ լուծելու են զուտ քաղաքական խնդիրներ:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28419.html
|