Տարբեր էկոլոգիական խմբերից մի խումբ բնապահպաններ նամակ են գրել ռոք-երգիչ Սերժ Թանկյանին, ով Հայաստանում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման առթիվ: Նամակում, մասնավորապես, ասված է.
«Անչափ ուրախ ենք, որ վերադարձել ես Հայաստան, քանզի քո խոսքի, ոգու, մոտիվացիոն երաժշտության կարիքը հայ մարդը շատ ունի: Գիտես, ստրկատիրական, վախերով լի մթնոլորտում հուսալքված հայ մարդը կորցրել է իր երբեմնի հավատը և ձգտումը դեպի լույսը:
Բայց մենք` քո հետ միասին փորձում ենք փշրել այն կարծրատիպերը, որոնք խանգարում են մեզ ազատ շնչելու, ստեղծագործելու, զարգանալու` չվերացնելով շրջակա միջավայրը: Այսօր զարգացման անվան տակ ոչնչացվում են հսկայական լեռնաշղթաներ`ոսկու, մահաբեր ուրանի, մոլիբդենի, պղնձի, երկաթի, արծաթի և այլ մետաղների կորզման, գերշահույթ ստանալու նպատակով:
Այսօր այդ նույն զարգացման կամ աշխատատեղերի բացման նպատակով հենց հայի ձեռքերով հօդս են ցնդում կուսական վայրի անտառներ` դարձնելով մեր երկիրը ամայի, անմարդաբնակ ու անշունչ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ըստ 2005թ. հրապարակված մի զեկույցի` Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն է Ղրղզստանից հետո: Երբեմնի բիբլիական Հայաստանը իր բերի արարչական հողով դառնում է չբեր, թունավոր և վտանգավոր մարդու վերարտադրման համար: Այսօր բնապահպանությունը ընկալվում է որպես շարժում կառավարության, իշխանությունների դեմ, ուստի շատ վախեցած արվեստագետներ , մտավորականներ շարունակաբար լռում են, որն այս պարագայում աններելի է: Բայց մեր ուզածն ընդամենը ներդաշնակվելն է ու բնության օրենքների հետ համահունչ ապրելն է: Դրա համար մենք պատրաստ ենք պայքարել մինչև արդյունք, քեզ հետ միասին:
Խնդրում ենք զարկ տուր հայ հասարակությանը, կառավարությանը, սփյուռքահայությանը քո կոչերով, երգերով, ոգեշնչող խոսքով կամ խոսուն լռությամբ…»:
Նամակի մասին տեղեկացնում է երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/13/namak-tankyanin/
|