Այսօր շրջանառության մեջ դրվեց 5-րդ Համահայկական խաղերին նվիրված հերթական գեղաթերթիկը:
Նամականիշերի թողարկումը «Հայփոստ»-ում շարունակական բնույթ է կրում:
Առաջին նամականիշը շրջանառության մեջ է դրվել 1999թ-ին` 1-ին Համահայկական խաղերի ժամանակ և հաջորդաբար` 2001, 2003 և 2007 թվականներին:
«Հայփոստ» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ընգծելով սպորտային թեմաների` «Հայփոստ»-ի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվելու փաստը, վստահություն հայտնեց, որ այս մեկը նույնպես իր առանձնահատուկ տեղը կգտնի ֆիլատելիստների հավաքածուի մեջ. «Մենք ունենք հայ օլիմպիական չեմպիոններին, սպորտային միջազգային մրցաշարերին նվիրված նամականիշերի շարք»:
ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն էլ, Համահայկական խաղերին նվիրված նամականիշերն առաձնացրեց ոչ միայն իրենց գեղագիտական նշանակության համար. «Դրանք ազգային միասնությունը ընդգծելու խորհուրդ ունեն»,-նկատեց նախարարը` հավելելով, որ այս նամականիշերը նաև պատմամշակութային փաստաթուղթ են:
Գեղաթերթիկի մարման արարողությանը ներկա Հայաստանի ֆիլատելիստների միության անդամներն ու անվանի սպորտսմենները շնորհակալական խոսքեր հնչեցրեցին` հպարտությամբ ասելով, որ սպորտային թեմաներով հայկական նամականիշերն արդեն մեծ տարածում ունեն և իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում աշխարհի ֆիլատելիստների հավաքածուներում: