Ըստ հայկական ավանդության օգոստոսի 11-ին Հայոց նահապետ Հայկը սպանել է հայրենիք ներխուժած Բելին, որից հետո երկիրն ապրել է ազատության և խաղաղության մեջ:
Aysor-ի հետ զրույցում պատմաբան Արտակ Մովսիսյանը նշեց, որ այդ օրը Բելի սպանելով` Հայկը դրել, է Հայոց անկախության հիմքը: Այդ օրվանից սկսած, ըստ նույն ավանդության, հաշվել են Հայոց Բուն տոմարը:
Ըստ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի, որ 19-րդ դարում կատարել է, այդ իրադարձությունը տեղի է ունեցել Ք ա 2492թ.-ի օգոստոսի 11-ին, սակայն այժմ կան գիտնականներ, ովքեր համաձայն չեն այդ հաշվարկների հետ:
Պատմաբանը նշեց, որ Ղևոնդ Ալիշանը կարծիք է հայտնում, որ կա երկու նոր տարի, մեկը բնական` մարտի 21-ը գարնանային գիշերահավասարի օրը, մյուսը քաղաքական` օգոստոսի 11-ը կամ Նավասարդի 1-ը: Միջին դարերում Հայոց տոմարը դուրս է եկել շրջանառությունից, քանի որ Հայաստան մուտք է գործել Հուլյան տոմարը:
Նշենք, որ Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։ Նավասարդյան օրերը հայերը տանում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։
Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։
Նավասարդյան օրերին մեծարում էին Անահիտ և Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին։Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում, ապա Աշտիշատում: Նավասարդի օրերին Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։
Ուխտավորները զոհաբերության համար բերում էին խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ, որոնց եղջյուրները ներկում էին զանազան գույներով։ Գիշերները խարույկ էին վառում, որոնց բոցերի վրայով ցատկում էին երեխաները և պատանիները, չար ոգիներից ազատ լինելու համար։
Նավասարդյան տոնի առթիվ հավաքված բազմությունը իր հետ բերում էր նաև տարվա պտուղների առաջին բերքը։ Այդ ժամանակ կատարվում էին մեծահանդես արարողություններ, տեղի էին ունենում ձիարշավներ, եղջերուների վազք և բաց էին թողնում հազարավոր աղավնիներ։ Նավասարդի կամ Ամանորի աստվածը հայ դիցաբանության մեջ համարվում էր պտուղների պահապանը և մարդկանց կերակրողը։ Նրա արձանը գտնվում էր Բագավանում, որը հեթանոս հայերի նշանավոր ուխտատեղիներից մեկն էր։
Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/11/artak-movsisyan/
|