Երեկ Հրազդանի կիրճում մեծ տոնակատարությամբ նշվեց Նավասարդը: Հայկական ավանդույթների, խոհանոցի շունչը փորձեցին վերակենդանացնել ու տոնական մթնոլորտ ստեղծել «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սիրողական խմբի կազմակերպած «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամները, ասորական համայնքի ներկայացուցիչներն՝ իրենց երգ ու պարով: Երեկոյին առանձնահատուկ շունչ պարգևեցին Սարդարապատի ազգագրության թանգարանի ազգագրագետ Սոնա Պապիկյանի՝ ցորենից ու գարուց պատրաստած խաչփուռները («խաչփունջ»՝ պատրաստվել են ցորենի առաջին բերքահավաքի առաջին փունջ ցորենից՝ որպես շնորհակալություն երկնքի ու երկրի աստվածներին) և Նուրի տիկնիկները, որոնք հնում պատրաստվել են ու նվիրաբերվել Նուրի աստվածուհուն:
Միջոցառմանը տիրող նավասարդյան ուրախ ու տոնական մթնոլորտին յուրահատուկ «համ ու հոտ» հաղորդեց խոհարարների շուրջպարը: Հայ ավանդական խոհանոցը ներկայացնող ռեստորանային համալիրների ներկայացուցիչները ցուցադրեցին հայկական խոհանոցին բնորոշ ուտեստներ՝ սոխով տոլմա, չորաթան, հոնով ու բանջարեղենով յուրահատուկ աղցան, ավելուկով ուտեստ, որը հնում պատրաստվել է միայն Նավասարդին: Ավանդույթի համաձայն՝ հեթանոս հայերը կերել են այդ ուտեստն ու երազանք պահել, որն անպայման իրականացել է մեկ ամսում:
Միջոցառման կազմակերպիչներից «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ իրենք փորձեցին նավասարդյան այս միջոցառմամբ հանրությանը ներկայացնել մեր մոռացված ճաշատեսակները, մաքրել դրանց վրայից մոռացության փոշին ու հետաքրքրություն առաջացնել մեր ազգային ուտեստների նկատմամբ: «Նավասարդին պատրաստված ուտեստները հիմնականում եղել են պարզ ու հասարակ՝ հիմնականում պատրաստված բանջարեղեններից»,- ասաց նա:
Հայկական տոմարի առաջին ամիսը՝ Նավասարդը, ունի պարթև-իրանական ծագում և կազմված է երկու բառից՝ նավ (նոր) և սարդ (տարի), այսինքն՝ Նոր տարի։ Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին: Հին հայերի համար Նավասարդը եղել է ժողովրդական խրախճանքների տոն: Այդ օրը հեթանոս հայերը մեծարել են Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, Վահագն աստծուն: Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորել են մեծ շուքով, պատրաստել այդ օրվան բնորոշ ուտելիքներ՝ հիմնականում՝ բանջարեղենից, հացահատիկեղենից: Պատմական Հայաստանում Նոր տարին նշվել է Բագավանում, ապա՝ Աշտիշատում։