«Մենք շատ աշխատեցինք «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի վրա և հասցրեցինք այն Ազգային ժողով: Դա բավական պարզեցնում ու քաղաքակիրթ վիճակի մեջ է դնում մշակութային արժեքների արտահանումը, որովհետև մարդը մի նկար դուրս տանելու համար պետք է գնար-գար, գրանցեր-չգրանցեր, այսինքն՝ նկարները դուրս հանելը նախկինում անհնար էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նկարիչների միության «Կերպարվեստ» ամսագրի խմբագիր Վրեժ Առաքելյանը՝ խոսելով 2004 թ. ընդունված ՀՀ օրենքի մասին:
«Հիմա դյուրին է` այնպես, ինչպես քաղաքակիրթ աշխարհում, բայց կան շատ խիստ սահմանափակումներ դասական նկարիչների գործերի դուրս բերման հետ կապված»,- ասաց նա՝ հավելելով, որ, ասենք, Սարյանի աշխատանքը դուրս բերելու համար պետք է ստանալ նրա ժառանգների թույլտվությունը, որոնք հինգն են:
Նրա խոսքով՝ դա չի վերաբերում թանգարանում պահվող նմուշներին, այլ անհատական հավաքածուներում ընդգրկված գործերին: Դեռ 2004 թ. Հենրիկ Իգիթյանը ելույթ ունեցավ, ու Արամ Իսաբեկյանի, Կարեն Աղամյանի ջանքերով ընդունվեց, ու հիմա ավելի բարվոք վիճակ է ներմուծման ու արտահանման շուկայում»,- ավելացրեց նա:
Առաքելյանը հայտնեց նաև, որ օգոստոսի վերջին Նկարիչների միության «Աբովյան 16» նորաբաց ակումբում տեղի կունենա առաջին նիստը, որի ժամանակ կլինեն բանավեճեր, քննարկումներ, հանդիպումներ լրագրողների հետ, կներկայացվեն այն հարցերը, որոնք ունեն հանրային հնչեղություն: Դա և՛ կերպարվեստն է, և՛ մշակույթը, և՛ արվեստը: «Առաջին քննարկման նյութը լինելու է կառավարության, ի դեմս արդարադատության նախարարության, այն նախաձեռնությունը, որը թույլ է տալիս 25 հոգով բացել կրոնական կազմակերպություն: Դա շատ տագնապահարույց է»,- ասաց նա:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30374.html
|