Հինգշաբթի, 12.12.2024, 01:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Նոր մշակութային ակումբ` «Աբովյան-16»
13:54
Նոր մշակութային ակումբ` «Աբովյան-16»
«Աբովյան-16»
Անկախության 20 տարում քանի՜-քանի մշակութային օջախներ փլուզվեցին։ Վաճառվեցին շենքերը կամ անտերության մատնվեցին տասնամյակներով կանգուն կառույցները։ Հայաստանի նկարիչների միությանն էլ 1997-ին չշրջանցեց վաճառամոլուցքի համաճարակը։ Մեծ դժվարությամբ, առանց պետական բյուջեից մեկ լումա ստանալու, անհատ գործարարների հետ կնքված «բիզնես» համաձայնագրով, այդուհանդերձ, հնարավոր եղավ քամուն չտալ նկարչի տան հնամենի շենքի բոլոր «փետուրները»։ Օդային տարածքի «վաճառքով» հնարավոր դարձավ երկու տարում երկու նոր ցուցասրահներով կերպարվեստի համալիրի կառուցումը։ Տևական «հարկադիր» լռությունից հետո վերաբացված շինությունում, նախաձեռնված անհատական ու խմբակային տարաբնույթ ցուցահանդեսներով և մրցանակաբաշխություններով, յոթ հարյուրից ավելի անհատների միավորող համքարության բարեկարգ օջախում աշխուժացավ ստեղծագործական առօրյան։ Հուլիսի 22-ին, տեղակայման հասցեով «Աբովյան-16» անվանակոչված մշակութային ակումբի հիմնարկեքով և «Այվազովսկի» սրճարանի «բնակարանամուտով» աննախադեպ ազդակ հաղորդվեց երբեմն գերլարում երևակող ամենօրյա աշխատանքային ռիթմին։

ԻՐԱԿԱՆ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ

Մեր խառնածին հոգեկերտվածքի առողջացման գործընթացին «Աբովյան-16» ակումբի առաջին իսկ հավաքը վաղվա օրվա ինքնահատուկ մտահոգությունն ի հայտ բերեց։ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահներ Վլադիմիր Աղայանի և Մհեր Շահգելդյանի, ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանի պարզաբանումներով հստակեցվեցին Արա Աբրահամյանի հովանու ներքո գիտական և ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը միտված մրցութային նախագծերի ազգապահպան մղումները։ 2007-ից անցկացվող մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ ԳԱԱ և ստեղծագործական վեց միությունների համատեղ ուժերով։ Դեռ վաղ է, իհարկե, արմատական տեղաշարժից խոսելը, բայց հուսադրող նախանշաններ կան. 14 գիտական ու տարաչափ ստեղծագործական անվանակարգերում կազմակերպված մրցույթներն այս տարի երիտասարդական ուղղվածություն ունեն։ Նկարիչների միությանն անդամագրված մինչև 35 տարեկան մոտ 100 երիտասարդ մրցակցելու է չորս անվանակարգերում` գեղանկար, քանդակ, գրաֆիկա, կիրառական արվեստ։ 5,5 մլն դրամ ընդհանուր դրամագլխի տասը «բաժնետերերը» հայտնի կդառնան աշնանը։

Բանախոսների և լրագրողների միջև ծավալված առաջին հախուռն ու անկեղծ քննարկումը մեզանում կազմակերպվող մրցույթների, առհասարակ գնահատման գլխիվայր շրջված չափանիշների շուրջ` մտավոր կյանքի անհետաձգելի առողջացման հրատապությունը վկայեց։ Կհամախմբվե՞ն Հայաստանի ստեղծագործական միությունները (նրանց նախագահների խորհուրդն է պատասխանատու ակումբային բարեկիրթ քննարկումների արդյունավետության համար) կրթամշակութային կյանքի նպատակասլաց աշխուժացմանը խոչընդոտող գորդյան հանգույցների հաղթահարման իրատեսական նախագծերի ձևավորման ու արժանավայել կենսագործման համահայկական դրոշի ներքո, ցույց կտա ժամանակը: Եվ գուցե հնարավոր լինի սատարել առկա ստեղծագործական ներուժի զարգացմանը` ի նպաստ երկրի հոգեմտավոր և սոցիալ-տնտեսական անվտանգության ամրապնդման։ Ինչպես, ասենք, «Ամառային տապ» խորագրով բացված խմբակային ցուցահանդեսում ՀՆՄ միջին սերնդի չորս ներկայացուցիչները` Սարգիս Աբրահամյանը, Աշոտ Ազատյանը, Վլադ Սողոմոնյանն ու Սեյրան Գասպարյանը։ Նախասիրությունների ու ոճամտածողության տեղ-տեղ ակնառու տարանջատումը չի խանգարել կերպարվեստի արտահայտչամիջոցներով սեփական «ես»-ն ու ասելիքը, ունեցած կարողությունների տարաչափ դրսևորումներով, արվեստասեր հանրությանը հասցնելուն։ Ընդհակառակը, իրական բազմակարծություն է կազմավորվել մեծ ցուցասրահում։ Հարկ է խոստովանել, որ մոտ 100 «նկար-կարծիքների» մի մասը հոգեհարազատանում է սովորական այցելուին։

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ


Աղբյուր`http://www.idefacto.am/page.php?section=7

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 609 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Աբովյան-16» | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0