Օգոստոսի 2-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի երիտասարդական հոգեւոր խորհրդի հոգեւոր հովիվ է նշանակվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» մայր միության հոգեւոր հովիվ տ. Հակոբ քահանա Խաչատրյանը: Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց հոգեւոր խորհուրդը մի մարմին է, որը համակարգում է թեմական կառույցից ներս գտնվող երիտասարդաց միությունների գործունեությունը: Արարատյան հայրապետական թեմի առաջին երիտասարդաց միությունը (այսօրվա «Արարատ») ստեղծվել է 1989թ.-ին Ա.Հ.Թ. առաջնորդական փոխանորդ տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի տնօրինությամբ (ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ):
Երիտասարդաց միությունների նպատակն է՝ երիտասարդների շրջանում հոգեւոր, ազգային կրթության իրականացումը եւ եկեղեցու առաքելությանը մասնակից դարձնելը: Այս նպատակով թեմի երիտասարդաց միություններում կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, այցելություններ, ուխտագնացություններ, ընդհանրական աղոթքներ, խոկման արարողություններ, ինչպես նաեւ գործում են համակարգչային, լրագրողական, անգլերենի, երգի ու պարի եւ այլ խմբակներ: