«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը ձևավորվել է երկու ամիս առաջ՝ «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սիրողական խմբի անդամներով: «Տեսնելով «Կարինի» «Մենք ենք, մեր պարերը» միջոցառումները, որոնք ամեն ամիս անցկացվում են «Նարեկացի» արվեստի միությունում ու Կասկադում, ոգևորվեցինք ու որոշեցինք նման միջոցառումներ էլ մենք անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:
«Նպատակը նույնն է, ինչ Գագիկ Գինոսյանինը՝ տարածել հայկական ազգագրական պարերը ժողովրդի մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ պարերը հիմնականում անցկացվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Նրա խոսքով՝ պարերը հիմնականում տեղի են ունենում կիրակի օրերին՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ:
«Երբ սկսեցինք Բանգլադեշում, մարդիկ սկզբում մի տեսակ զարմացած, մի տեսակ վախեցած, անգամ թարս էին նայում, հետո շարքերն ընդյալնվեցին»,- նշեց նախաձեռնության անդամը՝ ընդգծելով, որ իրենց հնարավորության դեպքում՝ եթե ազատ են լինում, միանում են նաև «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի անդամները:
«Սկզբնապես որոշել էինք տարբեր վայրերում պարել, բայց տեսանք, որ այդպես արդյունք չենք ստանում: Մի տեղ պետք է արվի, որ մարդիկ տեսնեն, շարքի մեջ մտնեն: Այն մարդիկ, ովքեր առաջին անգամ մեզ տեսնելով ծիծաղում էին, հիմա իրենք մեզ հետ միասին, մեր կողքին պարում են»,- ասաց Տ.Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով «Կարին» համույթին՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանին:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30372.html
|