Գլխավոր » 2011»Օգոստոս»19 »
Օձունի հոգևոր հովիվը պատասխանել է «Չե'նք լռելու» նախաձեռնությանը
16:28
Օձունի հոգևոր հովիվը պատասխանել է «Չե'նք լռելու» նախաձեռնությանը
Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվը լինելով՝ մշտապես հետևում եմ Օձունին վերաբերվող նորություններին: «YouTube» -ում տեսնելով «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնություն իրեն կոչող խմբավորման կողմից «Անտերությունից կործանվող սրբավայրեր. բացառիկ կադրեր» եկեղեցիների նկարների շարքը` ցավով և զարմանքով այնտեղ գտանք Օձունի եկեղեցին (իրականությանը չհամապատասխանող նկարով): Նկար, որ նկարվել էր մինչև
տանիքների խոտածածկի մաքրումն ու սալիկների նորոգումը: Այդ շարքում Օձունի եկեղեցին ավելորդ էր, եթե չասենք՝ վիրավորական, որովհետև Օձունի եկեղեցին անտեր չէ: Եկեղեցին ունի հոգևոր հովիվ, հզոր համայնք և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության «Հուշարձանների վերականգնման և պահպանության» վարչության հոգատար ձեռքերում:
Օձունի եկեղեցին վերոհիշյալ ֆոտոպատմության մեջ ներկայացված էր, որպես տասներեքերրորդ դարի կառույց, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Այն կառուցվել է Տրդատ երրորդ արքայի և Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից 303-313թթ. նախաքրիստոնեական տաճարի վայրում: 720- 728թթ. Սուրբ Հովհան Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցու կողմից ավելացվել են չորս գմբեթակիր սյուները, գմբեթը և քարե կամարակապերը: Այդ մասին հստակ գրված է Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու մոտ:
Վերոհիշյալ եկեղեցիների շարքում բազմաթիվ կեղծիքների կարելի է հանդիպել: Օրինակ` Հաղպատի վանքի մեծ գավթի երթիկից ջրահեռացման փոսիկում թափված ջուրը նենգաբար ներկայացված է որպես անտերության արդյունք, իսկ Ախթալայի Աստվածամոր որմնանկարի դեմքը ՝1793թ. լեզգիների կողմից հրանոթով քանդած, որպես անտերության հետևանք:
Շարքում կա եկեղեցի, որը նույնիսկ դուրս է ՀՀ սահմաններից և, հայկական լինելով, գտնվում է Վրաստանի տարածքում: ՀՀ իշխանությունները և եկեղեցին չեն կարող վերջինիս պահպանությամբ զբաղվել:
Ներկայումս Օձունում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ Մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանի անմիջական վերահսկողությամբ: Սույն հոդվածի նպատակն է թույլ չտալ «Չե՛նք լռելու» -ին անտեղի շահարկել Օձունի եկեղեցին, քննադատել Վեհափառ Հայրապետին և ՀՀ վարչապետին , ում հանձնարարականով Մշակույթի նախարարը վերականգնվելիք հուշարձանների ցանկի մեջ ներառել է նաև Օձունի տաճարը:
«Չե՛նք լռելու»- ից պահանջում ենք ոչ թե լռել , այլ հավաստի տեղեկություններ ներկայացնել լայն հասարակությանը և մարդկանց մոլորության մեջ չգցել:
Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ` Տեր Վրթանես քհն. Բաղալյան