Երեկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հրատապ ահազանգ-նամակով դիմել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որը վերաբերում է Հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք.am» կայքում տեղադրված տեսանյութին, որտեղ լրագրողը պատմում է Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու հարեւանությամբ գտնվող եկեղեցապատկան հողերում իրականացվող ապօրինի եւ անպատկառ շինարարությանը, տեղեկանում ենք «Ժառանգության» մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից:
Պատգամավոր Բախշյանի նամակում մասնավորապես ասվում է.
«Հարգելի տիկին Պողոսյան,
Տեղյա՞կ եք արդյոք «Հետք.am» կայքէջում 11.08.11թ. ժամը 18:39-ին տեղադրված տեսանյութին, որը պատմում է Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու հարեւանությամբ եկեղեցապատկան հողերում իրականացվող "հարսանյաց սրահի”, "ուտել-խմելու տեղի” շինարարության մասին, որի օրինականությունը խիստ կասկածելի է, որովհետեւ, ըստ տեսանյութի` չկա Ծաղկաձորի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության թույլտվությունը: Տեսանյութում խոսվում է նաեւ այդ շինարարական տարածքում գտնված հնեաբանական նշանակության գտածոների մասին, որոնք ոչնչացվում են շինարարների կողմից:
Չնայած տեսանյութում շինարարը խոսում է նաեւ եկեղեցու կողմից աջակցության ու հովանավորության մասին, սակայն ոչ Կոտայքի առաջնորդը, ոչ էլ Կեչառիսի հոգեւորականները ստույգ ոչինչ չգիտեն եկեղեցապատկան հողերի վարձակալությամբ տրված լինելու մասին:
Անձամբ Դուք, որպես մշակույթի նախարար, որքանո՞վ եք նպատակահարմար գտնում եկեղեցու հարեւանությամբ գործող "ուտել-խմելու” տեղի գոյությունը, որն իր ձեւով ու բովանդակությամբ բոլորովին նման չի լինելու Սփյուռքում տարածված Հայ Առաքելական եկեղեցիներին կից սրահներին:
Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե, որքանո՞վ է տեսանյութում պատմվող շինարարության թույլտվության համար անհրաժեշտ ուսումնասիրությունները համաձայնեցված Մշակույթի նախարարության պատկան գերատեսչությունների հետ եւ նախարարության կողմից կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ապօրինի շինարարությունը կասեցնելու համար»- ասված է Անահիտ Բախշյանի նամակում:
Աղբյուր`http://times.am/arm/?p=7173
|