Հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթին։
–Կարծում եք Հայաստանում բավարա՞ր է հայրենասիրական երգերի քանակը։
–Իմ երգացանկում կա «Քայլ առ առաջ», որը նվիրված է մեր զինվորներին և կարծում եմ քանի դեռ նման բանակ ունենք, կարող ենք հանգիստ քնել։ Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեր երիտասարդության հայրենասիրական դաստիարակության համար մեծ ջանքեր է ներդնում։ Նրանց նախաձեռնությամբ ամեն տարի Բանակի օրվան նվիրված համերգներին նոր հայրենասիրական երգեր են կատարվում։
–Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում։ Ինչպիսի՞ն է մարդկանց կենսամակարդակը։
–Չեմ կարծում, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, սակայն նաև չեմ կարող ասել, որ ամեն ինչ վատ է։ Մարդկանց կենսամակարդակը տարբեր է։ Լավ ապրելու համար պետք է ջանքեր թափել։ Ամեն ինչ մարդու ձեռքերում է։ Մեծ հույսեր ունեմ մեր հայրենիքի հետ կապված։ Մեզ խանգարում է ցրվածությունը և հույս ունեմ ժամանակի ընթացքում ավելի համախմբված կլինենք։ Շատ հայեր կան, ում շնորհիվ զարգանում ու փոխվում են այլ երկրներ, բայց չգիտես ինչու նրանք չեն հիշատակում իրենց ազգային պատկանելության մասին։ Կարծես այդ մարդկանց մեջ վախ ու ինքնավստահության պակաս կա։ Շատերն էլ իմանալով իրենց հայ լինելու մասին գերադասում են չանդրադառնալ այդ հարցին, քանի որ դա իրենց ձեռնտու չէ։ Ցանկանում եմ, որ մեր հայրենակիցները բարձրաձայնեն իրենց ազգային պատկանելության մասին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ասեմ, որ ափսոսում եմ, որ մեր երկրում ամայի տարածքներ կան։ Մենք պետք է մնանք այն մարդկանցից, ոովքե գնահատում են իրենց հողը և չմոռանանք այն տարածքների մասին ,որոնք ապագայում մեզ են վերադարձվելու։
–Ժամանակակից հայկական էստրադայից ո՞ր երգիչներին կառանձնացնեիք։
–Դե, Ռուբեն Մաթևոսյանը ոսկե ձայն է։ Այսօր ունենք ձայներ, որ նման են Մաթևոսյանի ձայնին և հանդիսատեսն ընդունում է նրանց։ Դրանցից մեկը իմ ընկեր Արման Հովհաննիսյանն է։ Նա հրաշալի երգիչ է։ Կարող եմ նշել Արմենչիկին, Արամեին, Ռազմիկ Ամյանին։ Մենք տաղանդավոր շատ երգիչներ ունենք, ուղղակի ամեն մեկն ըստ իր ճաշակի է ընտրություն կատարում։ Իմ նշած երգիչները Հայաստանում մեծ դահլիճներ են հավաքում ու լավ համերգներ ունենում։
–Ինչի՞ մասին է երազում Թաթա Սիմոնյանը։
–Մանուկ հասակում երազում էի հարուստ մարդ լինել։ Իսկ ավելի լուրջ, երազում եմ ,որ Արևելյան ու Արևմտյան Հայաստանները վերամիավորվեն։ Եթե դա տեղի ունենա, ապա անմիջապես կայցելեմ Վան, հողատարածք կգնեմ ու տուն կկառուցեմ։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր հավատում են հրաշքների։ Իմ կյանքում քիչ չեն եղել հրաշքները։ Այն որ երգիչ եմ դարձել, նույնպես հրաշք է։
–Ի՞նչ է նշանակում լինել հայ։
–Լինել հայ նշանակում է երբեք չդավաճանել սեփական ազգը, լինել նրա հավատարիմ որդիներն ու դուստրերը և ամենակարևորը՝ սիրել սեփական ազգը։
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/19/tata/
|