«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի 4 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմերի, Հայկական համայնապատկեր, ինչպես նաև նոր` «Կորիզ» կարճամետրաժների ծրագիրը:Այս տարի փառատոնին ներկայացվել է 631 հայտ 81 երկրից, որոնցից ընտրվել են 150-ը 45 երկրից:
Միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ փառատոնը կբացի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի 2010 թվականի Կաննի փառատոնի մրցանակակիր «Վավերացված պատճեն» ֆիլմը: Իսկ «Կորիզ» անվանակարգը կներկայացվի առանձին:
«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կլինեն ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնյեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:
Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված «Ռեսորջիմենտո» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Ռոբերտո Ռոսելինիի «Կեցցե Իտալիան», Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Ալոզանֆան» և «Սուրբ Միքելեն աքաղաղ ուներ», Լուիջի Մանյիի «Հրաձիգներն են գալիս» ու Ռոբերտո Ֆաենցայի «Փոխարքան» ֆիլմերը: «Հայացք դրսից» հատուկ ծրագրում ներառվել են վերջերս հայերի մասին և Հայաստանում արտասահմանցի ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մշտական հետաքրքրությունների տիրույթում են նաև ուսումնական ծրագրերը: Այս տարի «Կինոդպրոցներ» ծրագրում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը: Այս տարի «Ոսկե ծիրանը» կներկայացնի նոր արտամրցութային ծրագիր` նվիրված ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին` «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով: Կցուցադրվեն ֆիլմեր Տաջիկստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլն: Ծրագիրը կբացի Ալեքսեյ Ուչիտելի «Օսկար»-ի նոմինանտ «Եզերք» ֆիլմը:
Փառատոնը կփակի Վիմ Վենդերսի «Պինա» ֆիլմը, որը կցուցադրվի 3D ձևաչափով :