«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը պատրաստվում է սեպտեմբերի սկզբին հանրությանը ներկայանալ նոր ցուցադրությամբ: Կբացվի ծագումով հունգարացի քանդակագործ, նկարիչ, փոփ-արտ ուղղության հիմնադիր Վիկտոր Վազարելիի ցուցադրությունը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի ու մարքեթինգի բաժնի տնօրեն Աննա Սիմոնյանը:
«Դա եզակի ցուցահանդես է, քանի որ Վիկտոր Վազարելին համարվում է 20-րդ դարի ամենաակնառու նկարիչներից, արվեստագետներից մեկը: Ներկայացնելու ենք հաստոցային գրաֆիկայի նմուշներ՝ Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուից»,- տեղեկացրեց Ա. Սիմոնյանը՝ նշելով, որ ցուցադրության կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նրա խոսքով՝ ցուցահանդեսի շրջանակներում երկու կրթական ծրագիր կմեկնարկի. մեկը՝ 6-12 տարեկան, մյուսը՝ 12 տարեկանից բարձր երեխաների համար:
Ինչ վերաբերում է արվեստի կենտրոնում արդեն ավանդական դարձած դասական ու ջազային երաժշտության երեկոներին, ապա նա նշեց, որ համերգային ծրագրերը շարունակական բնույթ են կրելու:
«Վաղը ելույթ կունենան Տոնոյան քույրերը, կլինի կամերային երաժշտության երեկո, օգոստոսի 24-ին հանդես կգա «Խաչատուրյան» տրիոն, օգոստոսի 27-ին՝ Հայաստանի պետական ջազ նվագախումբը»,- նշեց Ա. Սիմոնյանը՝ հավելելով, որ «Ճանապարհորդող նոտաներ» փառատոնի համերգներից մեկը ևս կանցկացվի արվեստի կենտրոնում:
«Յուրաքանչյուր շաբաթ օր մարդիկ կարող են շրջայց կատարել թանգարանի ողջ տարածքում, ստանալ թանգարանի ու ցուցանմուշների մասին անհրաժեշտ տեղեկատվություն՝ սկսած բակում տեղադրված արձաններից մինչև ցուցասրահներ»,- հավելեց վերջինս:
Ցուցասրահներում ներկայում հնարավոր է դիտել Ջ. Գաֆեսճյանի հավաքածուի ընտրանին, Խանջյան սրահում՝ Խանջյանի որմնանկարները, «Սասունցի Դավիթ» սրահում՝ չեխ Լիբենսկի Բրեխտովայի «Հայաստանի համար», Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձևեր ու պատկերներ» ցուցադրությունները:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30254.html
|