Գիրքը 'բոլոր ժամանակների լավագույն նվերը, արդիականությունը չի կորցրել նաեւ մեր օրերում: Մարդիկ հետաքրքրված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հայ եւ օտարազգի հեղինակների ստեղծագործություններով: Սակայն, ոլորտի աշխատակիցների հավաստմամբ, իրենց պահանջարկով առաջին հորիզոնականում են մանկական գրքերը:
«Այդ միտումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ծնողները ձգտում են խելացի երեխա դաստիարակել, եւ դրա համար ոչինչ չեն խնայում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Գրքերի աշխարհ» խանութ-սրահի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Նա փաստում է, որ հիմնականում լավ են վաճառվում նախադպրոցական եւ դպրոցական հասակի երեխաների համար նախատեսված մանկական գրքերը, հայ եւ արտասահմանյան մանկագիրների գործերը: Հայ մանկագիրներից ամենից շատ կարդում են Սուրեն Մուրադյանի, Յուրի Սահակյանի, Էդիկ Միլիտոնյանի, Երվանդ Պետրոսյանի ստեղծագործությունները:
Ինչ վերաբերում է վերջին ժամանակներում հատկապես դեռահասների շրջանում մեծ պահանջարկ վայելող «Ֆանթազի» ժանրի գրականությանը, որի մեջ տեղ են գտնում նաեւ ամբողջ աշխարհում առաջատար վաճառքի ցուցանիշ արձանագրող «Հարի Փոթեր»-ի բոլոր հատորները, «Մթնշաղ» սագան եւ այլ գրքեր, ապա այս միտումը նույնպես ունի իր բացատրությունը:
«Բանն այն է, որ հայ գրականության մեջ հիմնականում նման ժանրեր չկան, գերակշռում են պատմվածքները, բանաստեղծությունները, վեպերը եւ այլն»,- բացատրեց գրախանութի տնօրենը:
Նշենք, որ «Ֆանթազի» գրականությունը, այսպես ասած, իրականությունից փախչելու միջոց է դեռահասի կամ երիտասարդի համար. այն թույլ է տալիս թեկուզ ժամանակավոր ապրել գրքի հերոսների մեկ այլ'երեւակայական աշխարհում:
Մանկական գրականության հանդեպ աճող հետաքրքրությամբ, ինչպես նաեւ մանուկներին հաճելի անակնկալ մատուցելու ցանկությամբ առաջնորդվելով' գրախանութն արդեն 3 ամիս իրականացնում է «Հեքիաթի ժամեր»' մանկական գրքերի ընթերցանության համար նախատեսված շաբաթօրյա ծրագիրը: Ինչպես ցույց է տալիս փորձը, ոչ միայն մանուկները, այլեւ մեծահասակները մեծ ցանկություն են հայտնում մասնակցելու ընթերցանության ժամերին: «Անգամ մի ամբողջ դասարան է եկել իր դասղեկի հետ, վերջինս անսպասելիորեն կերպարանափոխվել է, հեքիաթի հերոսի զգեստ հագել' ընթերցանությունն ավելի հետաքրքիր եւ տպավորիչ դարձնելու համար»,- պատմեց Խաչիկ Վարդանյանը:
Կազմակերպիչները մեծ ցանկություն ունեն նախագիծը շարունակական դարձնելու եւ մանկական ընթերցանության ժամեր անցկացնելու ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661326/
|