Այս տարի առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի ֆիլմերի ազգային մրցանակաբաշխություն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, արդեն իսկ որոշված են անվանակարգերը, խորհրդի կազմը, ժյուրին, մրցանակաբաշխության մասին այլ մանրամասներ, ինչպես նաեւ մասնակցության կարգը. այս բոլորը, սակայն, մշակման փուլում են: Դրանք հստակեցնելուց հետո համապատասխան հայտարարություն կտարածվի, կնշվեն հայտերի ներկայացման ժամկետներ:
Քանի որ այս տարի առաջին անգամ է մրցանակաբաշխությունն անցկացվելու, Գ. Գեւրգյանը նշեց, որ հավանական է` միայն տեղի ռեժիսորները մասնակցեն, սակայն նախատեսված է նաեւ արտերկրում գործող հայ ռեժիսորների աշխատանքների անվանակարգ, որին կարող են հավակնել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ռեժիսորներ, ովքեր հայկական թեմաներով ֆիլմ են նկարահանել: Նախնական տվյալներով` մրցանակաբաշխությունը մոտավորապես 6-8 անվանակարգ է ունենալու:
Մրցանակաբաշխության նախնական անվանումը «Պեպո» է, սակայն այն դեռեւս վերջնական չէ, կազմակերպիչները փնտրտուքների մեջ են, հնարավոր է անգամ, որ այս անվանումն առաջիկայում փոխվի: Կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ անվանումը շատ կարեւոր է, քանի որ պաստառները, մրցանակը, լոգոն պատրաստելը կախված է հենց անվանումից:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661541/
|