Սցենարիստ Հարություն Գրիգորյանին «հայի շունչն» է բերել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ: Այստեղ հունիսի 14-ից բացվել է «Արեւմտականացնող Ստամբուլի հայ ճարտարապետներ» խորագրով ցուցահանդես: «Այսպիսի ցուցահանդեսը մերձեցման նպատակ ունի, այդ մասին կազմակերպիչներն էլ են ասում: Մինչեւ միմյանց նկատմամբ մեր հոգիները չբացենք, սահմանները չեն բացվի»,- ասաց պարոն Հարությունյանը, ով ներկա էր ցուցահանդեսի բացմանը եւ ուրախ, որ կարողացել էր վերցնել արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետների գործերի ժողովածուն: «Կնոջս եղբայրը ճարտարապետ է եւ ապրում է Ռուսաստանում, այս գիրքը նրան պետք է նվիրեմ: Մեծագույն երջանկություն կլինի նրա համար»,- ասում է նա: Ցուցահանդեսում ներկայացված է 19-րդ եւ 20-րդ դարի առաջին կեսի պոլսահայ 40 ճարտարապետների 100 գործ, որոնք շարունակում են զարմացնել Ստամբուլ այցելողներին եւ դարձել են թուրքերի պաշտամունքը. հայ ճարտարապետ Կարապետ Ամիրա Պալեանի Մահմուտի դամբարանը, Հարություն Սէրվէրեանի Սուրբ Խաչ եկեղեցին, Արամ եւ Իսահակ Գարագաշների «Ռակըպ փաշա Ափարթմանը» (ռեստորան) եւ այլն: Հայ ճարտարապետներն էլ իրենց ազգային եւ միջազգային արժեքների իմացությամբ եւ ներդրմամբ մեծ հարգանք են վայելում աշխարհում: Թանգարան-ինստիտուտ այցելողները հիանում են ներկայացված ճարտարապետական կոթողներով, բայց ափսոսում, որ դրանք զարդարում են ուրիշի երկիրը: Կազմակերպիչներն են` «Ստամբուլը Եվրոպայի 2010-ի մշակութային մայրաքաղաք», «Հայճար», «Հրանտ Դինք հիմնադրամ» կազմակերպությունները՝ Ստամբուլից եւ Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Համակարգողն է պրոֆեսոր Հասան Կուրույազիչը՝ Ստամբուլից: