Գլխավոր » 2011»Օգոստոս»19 »
«Քահանայի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում»
22:23
«Քահանայի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում»
Նախօրեին «Հետքը» տպագրել էր Օձունի հոգևոր հովիվի պատասխանը՝ կապված «Չենք լռելու» նախաձեռնության բարձրաձայնած մտահոգությունների հետ: Սակայն այդ պատասխանի կապակցությամբ «Չենք լռելու»-ն հայտնում է, որ «Օձունի քահանայի խոսքերը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը»:
«Չենք լռելու» նախաձեռնության խմբագրություն ուղարկած նամակում մասնավորապես ասվում է. «Օձունի վանքը փլուզման եզրին է, ինչի մասին 22.07.2011թ. հայտարարել է Մայր աթոռի մամուլի խոսնակ Վահրամ Մելիքյանը:
Ինչ վերաբերում է Հաղպատին, ապա սլայդշոուի լուսանկարում պատկերված ջուրը ամենևին էլ «մեծ գավթի երթիկից ջրահեռացման փոսիկում թափված ջուր» չէ, ինչպես ներկայացնում է Օձունի հոգևոր հովիվը, այլ հոսում է վանքի գմբեթից: Այդ հարցի մասին «Չենք լռելու»-ի անդամները խոսակցություն են ունեցել նաև Հաղպատավանքի քահանայի հետ, որը հաստատել է գմբեթից ջրի հոսելու հանգամանքը և մտահոգություն հայտնել այդ կապակցությամբ:
«Շարքում կա եկեղեցի, որը նույնիսկ դուրս է ՀՀ սահմաններից և, հայկական լինելով, գտնվում է Վրաստանի տարածքում»,- հայտարարում է Օձունի քահանան՝ առանց նշելու, թե կոնկրետ որ եկեղեցու մասին է խոսքը: Մինչդեռ, բոլոր լուսանկարները կատարվել են մեր նախաձեռնության անդամների կողմից բացառապես Հայաստանի տարածքում:
«Չենք լռելու»-ն քահանայի կողմից անտերության մատնված մեր սրբավայրերի բարձրաձայնմանն ուղղված այս ստահոդ արշավը համարում է տարօրինակ ու վնասակար: Ավելորդ չենք համարում նշել, որ դա չի բխում մեր երկրի պատմության ու եկեղեցու շահերից: