Երեւանում այսօր` հունիսի 17-ին ճապոնական օրիգամիների մեկօրյա ցուցահանդես վաճառք կկազմակերպվի: Այն կազմակերպել է «Խիկարի» հասարակական կազմակերպությունը, որը տեղի կունենա Երեւանի պատմության թանգարանում: Էքսպոնատների վաճառքից ստացվող ողջ հասույթը կտրամադրվի Ճապոնիայի դեսպանատանը եւ հետագայում կուղղվի այդ երկրում տեղի ունեցած աղետից տուժած որեւէ մանկական հաստատության վերանորոգմանը:
Ցուցահանդեսին կներկայացվեն մի քանի հարյուր օրիգամիներ` զվարճալի մկնիկներ, վառ գույներով ձկներ եւ թիթեռնիկներ, հովհարներ, հովանոցներ, տիկնիկներ եւ կախարդական գնդակներ` կուսուդամաներ,. Որոնք պատրաստվել են «Խիկարի» ՀԿ-ի մասնակիցների ձեռքով, ընդ որում, մեծ մասը` երեխաների ձեռքով:
ՀԿ-ի ղեկավար Կարինե Փիլիպոսյանն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները արված են սիրով եւ, ամենակարեւորը, դրան մասնակցել են երեխաները:
Իր հերթին, ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ, դեսպան Աշոտ Ոսկանյանը հիշեցրել է 1988-ին Ճապոնիայի օգնությունը Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Նրա խոսքով, վերջին 20 տարում Ճապոնիայի կառավարությունը ավելի քան 300 մլն դոլարի վարկ եւ ավելի քան 65 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին:
«Մենք հիշում եւ շնորհակալ ենք Ճապոնիային»,- ասել է Ոսկանյանը, հավելելով, որ այսօրվա ակցիան, թեեւ չի կարող շատ մեծ գումարներ հավաքել, սակայն կհաղորդի մեր հոգեւոր ջերմությունը:
Միջոցառման շրջանակներում կայացել է «Վերածնվիր, Ճապոնիա» երգի շնորհանդեսը: Երգը կատարել է Շուշան Սարգսյանը, խոսքերը` Իննա Մկրտչյանի:
Աղբյուր`http://news.am/arm/news/63630.html
|