Հոկտեմբերի 15-ին Երևանում կանցկացվի հայ կոմոզիտորական արվեստի փառատոն՝ նախագահի բարձր հովանու ներքո: Այս մասին այսօրվա ասուլիսին լրագրողներին հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների ու երաժշտագետների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը, որը ինքն իրեն ներկայացրեց ավելի պարզ. «Ուղղակի հայ պատվախնդիր տղա եմ և անում եմ իմ գործը»:
Ամիրխանյանը նշեց, որ իր համար «փառատոն» բառը անընդունելի է. «Ես դեմ եմ «փառատոն» ասվածին, որովհետև երաժշտությունը պետք է ամենօրյա հնչողություն ունենա, քանի որ այն ներդաշնակ կապ է ստեղծում հանդիսատեսի հետ: Ես կգերադասեի, որ լինեին շարունակական համերգներ»:
Փառատոնին մասնակցելու է 130 կոմպոզիտոր, այդ թվում՝ երիտասարդ կոմպոզիտորներ: Ամիրխանյանը նշեց, որ վերջիններիս համար փառատոնը կայանալու շատ լավ հնարավորություն է:
Կոմպոզիտորը առաջարկ է ստացել Կոմիտասի անունը կրող փառատոն կազմակերպել Գերմանիայում, օգոստոսի 5-ին: Կմասնակցեն երիտասարդ մենակատարներ, կոմպոզիտորներ: Փառատոնի շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն Կոմիտասի և հայ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Ռոբերտ Ամիրխանյանը ցավով նշեց, որ այսօր Կոնսերվատորիայում կոմպոզիտորների բաժնում նկատվում է դիմորդների պակաս, իսկ պատճառը նրանց անցած թույլ դպրոցն է. «Սա շատ ցավալի փաստ է, որ այսօր երիտասարդների հետաքրքրությունը երաժշտության հանդեպ պակասել է: Ճիշտ է նրանց մեջ կան այնպիսիները, որոնք կարող էին զբաղվել երաժշտությամբ, բայց, ցավոք, ուշացել են: Նրանք իրենց հետ բերում են միայն անճաշակություն և փնտրում են կարճ ճանապարհ դեպի շոու բիզնես»:
Ամիրխանյանը հույս հայտնեց, որ փառատոնների միջոցով հնարավոր կլինի պահպանել հայ երաժշտության մշակույթը:
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/06/25/amirkhanyan/
|