Ի՞նչ եք կարծում, ո՞րն է լավ, միասին պարել, հետո՝ ամուսնանալ, թե՞ ամուսնանալ, հետո միասին պարել:
Մինչ կմտածեք, սկսեմ պատմել մի զույգի մասին, որը մի քանի տարի պարել է ամուսնանալուց առաջ և դեռ երկար տարիներ շարունակելու է պարել:
Ամերիկյան «Նյու Յորք Թայմս» թերթը պատմում է, որ այս շաբաթ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանում իրենց ամուսնությունը գրանցեցին Սան Ֆրանցիսկոյի բալետային պարախմբի մենակատարներ Վանեսսա Անդրեա Զահորյանը և Դավիթ Կարապետյանը, որոնց պսակադրությունն այս հունիսին էլ տեղի է ունեցել Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Հարսը Կալիֆոռնիայի Սուրբ Մարի պարային քոլեջն է ավարտել, փեսան Հայաստանում է բալետի դպրոց ավարտել, ապա Ցյուրիխում, ու այնտեղ էր պարում՝ մինչև մի քանի տարի առաջ Սան Ֆրանցիսկո տեղափոխվելը: Վանեսսան, որը ստեղծագործական կյանքում պահպանելու է Զահորյան ազգանունը, Դավիթին այսպես է նկարագրում.
«Նա մուգ մազեր ունի ու մեծ քիթ. ես հավանեցի նրա մեծ քիթը: Նրա կիսադեմն այնքան արտահայտիչ է: Կատարյալ ֆիզիկական տվյալներ ունի. բարեկազմ է, երկար ոտքերով ու բալետի համար մնացած բոլոր հրաշալի տվյալներով»:
Իսկ գիտե՞ք, թե Դավիթն ինչպե՞ս է ամուսնության առաջարկություն արել Վանեսսային: «Նյու Յորք Թայմսը» պատմում է, որ 2010թ. գարնանը, երբ միասին Ռոմեո և Ջուլիետ էին պարում, սեզոնի վերջին ներկայացման ավարտին, իհարկե, ղեկավարության համաձայնությամբ, Դավիթը ձեռքը վերցրեց խոսափողն ու 3000 հանդիսատեսների առջև իջավ մեկ ծնկին, ապա Ռոմեոյի բեմական հագուստի ծոցագրպանի թույնի սրվակից մատանի հանեց, ու… Ռոմեոյի ու Ջուլիետի հուզիչ ու տխուր պատմությունն այս անգամ երջանիկ ավարտ ունեցավ:
Ռուզան Խաչատրյան
«Ռադիոլուր»
Աղբյուր`http://www.armradio.am/arm/news/?part=cult&id=43570
|