Գլխավոր » 2011»Օգոստոս»5 »
Ս. Պետերբուրգի հայ համայնքը հյուրընկալեց «Մրակած» երգչախմբին
00:29
Ս. Պետերբուրգի հայ համայնքը հյուրընկալեց «Մրակած» երգչախմբին
Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական Կապելայի համերգասրահում նախօրեին տեղի ունեցավ «Երգող աշխարհ» երգչախմբային արվեստի 9 - րդ միջազգային փառատոնի հանդիսավոր փակումը: Երգարվեստի միջազգային տոնին մասնակցեցին Ռուսաստանի տարբեր քաղաքների եւ աշխարհի քսանչորս երկրների երգչախմբային արվեստի եւ վոկալ համույթների 40 պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբեր: Փառատոնի օրերին նրանք հանդես եկան համերգներով,հանդիպումներ ունեցան տեղի կոմպոզիտորների եւ վոկալ արվեստի ճանաչված գործիչների հետ: Փառատոնի փակման պաշտոնական արարողությունից հետո սկսվեց գալա- համերգը, որին մասնակցեցին բարձր պարգեւների արժանացած բոլոր խմբերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից,
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի «Մրակած» պետական կամերային երգչախումբն արժանացավ նաեւ փառատոնի մասնակցի դիպլոմի: Հիշեցնենք, որ արցախցիները փառատոնի շրջանակներում անցկացված մրցույթի «Երգչախմբային վոկալ արվեստ» անվանակարգում նվաճել էին առաջին տեղը:
Նույն օրը երեկոյան «Մրակած» երգչախումբը հյուրընկալվեց տեղի հայ համանքի մշակութային կենտրոնում, որտեղ երգիչները հանդիպում ունեցան համայնքի անդամների հետ:
Հայ արտիստներին ողջունեց եւ փառատոնի բարձր պարգեւի աժանանալու կապակցությամբ շնորհավորեց Սանկտ Պետերբուրգի եւ հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. աբեղա Նշան Պետրոսյանը: Ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Հասմիկ Միքայելյանը: