Սամարայում բացվել է Ընծայի ցուցահանդեսը (լուսանկարներ)
Ռուսաստանի Սամարա քաղաքի «Նոր պատկերասրահում» բացվել է Գևորգ Բաբախանյանի (գրական մականունը՝ Ընծա) ցուցահանդեսը։ Նրա նկարներից բացի, ցուցահանդեսին ներկայացված են նաև ձեռագործ գորգեր, կերամիկա և ոսկերչական աշխատանքներ։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել անձամբ Բաբախանյանը։
«Ընծան» ծնվել է 1968թ. Էջմիածնի շրջանի Գայ գյուղում։ Իր կյանքի 20–տարուց ավելին նա արտասահմանում է անցկացրել։ Երկար տարիներ ապրել է Իսրայելում, որտեղ արվեստի և նկարչության մասնավոր դասերի է այցելել, 1995թ. կուսակրոն քահան է ձեռնադրվել՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Արք. Մանուկյանի ձեռամբ։ Իսրայելից տեղափոխվել է Իտալիա, որտեղ ավարտել է Վենետիկի արվեստի ակադեմիան։ Այժմ ապրում և ստեղծագործում է Էջմիածնում։ Նա նաև երիտասարդական «Անուրջներ» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
Սամարայում ներկայացված են «Ընծայի» մոտ 40 աշխատանքները, որոնց մեծ մասը յուղանկարներ են։ Նրա ստեղծագործության հիմնական թեմաներն են՝ Հայաստանը և մանկությունը։ «Իմ աշխատանքներում ես ձգտում եմ երեխա մնալ»,– ասում է Բաբախանյանը։ Իսկ մասնագետները նշում են, որ Բաբախանյանի նկարներում թվացյալ պարզության հետևում թաքնված է աշխարհի փիլիսոփայական և գեղագիտական իմաստավորման անհավատալի խորությունը։