Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստվում է սեպտեմբերի 9-ին մեկնարկելիք «Երևանյան հեռանկարներ» միջազգային 5-րդ երաժշտական փառատոնին, որը հոբելյանական է լինելու՝ նվիրված Հայաստանի անկախության 20 ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման 85-ամյակին,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո խոսնակ Անահիտ Օրդյանը:
«Շատ տոնական մեկնարկ է լինելու: Փառատոնը տևելու է մեկ ամիս ՝ մինչև հոկտեմբերի 12-ը: Այդ ընթացքում տեղի կունենա շուրջ 10 համերգ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, կլինեն նաև կամերային համերգներ»,- նշեց նա՝ հավելելով, որ դրսից շատ հեղինակավոր, ճանաչված հյուրեր են ժամանելու Երևան:
«Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն Ալեքսանդր Չաուշյանը (դիրիժոր, Մեծ Բրիտանիա), Էշլի Վոսը (դաշնակահար, Մեծ Բրիտանիա), Փոլ Մայերը (կլարնետիստ, Ֆրանսիա), Ժիլբեր Օդին (ֆագոտիստ, Ֆրանսիա), Վահան Մարտիրոսյանը ( դաշնակահար, Ֆրանսիա), Հենինգ Կրագերուդը (ջութակահար, Նորվեգիա), Դիմուդ Պոտեն (Գերմանիա), Սամվել Բարսեղյանը (Պորտուգալիա)»,- ասաց Անահիտ Օրդյանը:
Ինչ վերաբերում է շրջագայություններին, ապա Ա. Օրդյանը նշեց, որ այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսելը, քանի որ նվագախումբը գտնվում է արձակուրդում:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30012.html
|