Օգոստոսի 14-ին տեղի կունենա ամերիկահայ երգահան, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի երաժիշտ Սերժ Թանկյանի բացօթյա անվճար համերգը:
Ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց համերգի կազմակերպիչ Deem communication ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը, 1 ժամ 15 րոպե տևող համերգին Սերժ Թանկյանի հետ միասին նույն բեմում ելույթ կունենա Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Նրա խոսքով, Սերժ Թանկյանի համերգը կբացի հայաստանյան սիրված ռոք խմբերից մեկը՝ Dorians-ը, որը 30-40 րոպե հանդիսատեսին կներկայացնի իր սիրված երգերը:
«Համերգը թեև վաղուց էր կազմակերպվել, սակայն երբ հայտարարվեց «Թումոյի» բացման մասին (խոսքը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին է), որոշեցինք համագործակցել՝ 1 օրում 2 համերգից խուսափելու նպատակով: Մեր ուժերը համատեղեցինք ու որոշեցինք ստեղծել ուժեղ, մեծ համերգ, որ բոլորը կարողանան մասնակցել և լսել Սերժին»,- հայտնեց Ր.Նիզիբլյանը՝ հավելելով, որ Ս. Թանկյանի երևանյան նախորդ համերգին շատերը տոմս չունենալու պատճառով չէին կարողացել մասնակցել:
«Ակնկալում ենք, որ Սերժ Թանկյանի համերգին կլինի շատ մարդ ու բարձր տրամադրություն»,- նշեց Ր.Նիզիբլյանը:
Սերժ Թանկյանի երևանյան համերգի կազմակերպիչներն են Deem communication ու Fugitive Studios ընկերությունները:
Համերգը կսկսվի ժամը 21:00-ին՝ Հովհաննես Թումանյանի այգում (Հալաբյան 16):