Գլխավոր » 2011»Օգոստոս»10 »
Սերժ Թանկյանը ասուլիս չի տա. հանդես կգա այլ ձևաչափով
17:57
Սերժ Թանկյանը ասուլիս չի տա. հանդես կգա այլ ձևաչափով
Օգոստոսի 11-ից Սերժ Թանկյանը սկսելու է օգոստոսի 14-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը նվիրված Երևանյան մենահամերգի փորձերը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Սերժ Թանկյանի համերգի կազմակերպիչ «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության PR-ի և հատուկ միջոցառուների բաժնի ղեկավար Մարիամ Մովսիսյանը։
«Բացի փորձերից, այդ օրերի ընթացքում ծրագրային մասով ոչինչ պլանավորված չէ։ Իհարկե, Թանկյանը կունենա հանգստի ժամեր, և կկառավարի իր ժամանակը»,- ասաց Մարիամ Մովսիսյանը։
Ինչպես նշեց Մարիամ Մովսիսյանը, Սերժ Թանկյանը ասուլիսով հանդես չի գալու, համերգի բոլոր մանրամասները լրատվամիջոցները կստանան մամլո հաղորդագրություններով։ «Անցած տարի մենք կարողացանք ապահովել ասուլիս, քանի որ նա առաջին անգամ էր համերգով հանդես գալիս Հայաստանում։ Իսկ ընդհանրապես Թանկյանն իր շրջագայությունների ընթացքում հազվադեպ է ասուլիսներ տալիս։ Նրա մենեջերները մեզ նախազգուշացրել էին այս մասին»,- ասաց Մարիամ Մովսիսյանը։
Փոխարենը հնարավոր է, որ անմիջապես համերգի հաջորդ օրը՝ օգոստոսի 15-ին, կայանա մի միջոցառում, որի ընթացքում Սերժ Թանկյանը կպատմի իր քաղաքացիական-հասարակական գործունեության մասին։ Ըստ Մարիամ Մովսիսյանի, այս միջոցառման առաջարկը դեռևս չի հաստատվել Սերժ Թանկյանի մենեջերների կողմից, այդ իսկ պատճառով միանշանակ չէ միջոցառման անցկացումը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Թանկյանը բացի երգահան և երգիչ լինելուց, զբաղվում է նաև քաղաքացիական-հասարակական գործունեությամբ, մտածեցինք մի ձևաչափ, որը հուսանք կկայանա օգոստոսի 15-ին»,-նշեց Մարիամ Մովսիսյանը և ավելացրեց. «Սերժ Թանկյանի քաղաքացիական գործունեության մասին շատերն են ցանկանում իմանալ»։
Երևանյան համերգը կանցկացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում՝ բացօթյա և անվճար։
Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես է եկել Երևանում 2010-ի ամռանը, իսկ System of a Down խումբը, միավորվելով 2011 թվականին, սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում: