Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանն արդեն Երեւանում է: Հիշեցնենք, որ հանրահայտ ռոք երգիչը օգոստոսի 14-ին հանդես կգա համերգային ծրագրով, որով կազդարարի Երեւանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության հանրային կապերի եւ հատուկ միջոցառումների բաժնի ղեկավար Մարիամ Մովսիսյանը, օգոստոսի 11-14-ը Սերժ Թանկյանն ամբողջությամբ նվիրելու է փորձերին: Մ. Մովսիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ծրագրվում է նաեւ մեկ հանդիպում' այլ ձեւաչափով. երգիչն իր քաղաքացիական նախաձեռնություններին նվիրված մեկ հանդիպում-միջոցառում կունենա:
Նշենք, որ համերգը տեղի կունենա «Թումո» կենտրոնի բակում, որը հնարավորություն ունի ընդունելու 20 հազար հանդիսատեսի: Մուտքն ազատ է լինելու, կազմակերպիչները հատկապես ողջունում են երիտասարդ հանդիսատեսի մասնակցությունը: Ս. Թանկյանը համերգի ընթացքում կկատարի իր վերջին ալբոմից գործեր: Համերգի խմբավարը կլինի Ավստրալիայից հրավիրված Համիշ Մըք Քիշը: Համերգի մեկնարկը կազդարարի հայկական «Դորիանս» ռոք խումբը: