Գլխավոր » 2011»Օգոստոս»17 »
Շնորհաշատ Արևիկ Իվանյանը Իտալիայում արժանացել է երկրորդ մրցանակի
14:50
Շնորհաշատ Արևիկ Իվանյանը Իտալիայում արժանացել է երկրորդ մրցանակի
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շրջանավարտ տասներեքամյա Արևիկ Իվանյանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 22-24 -ը մասնակցել է Իտալիայի Կրեմոնա քաղաքում անցկացված լարային գործիքների (ջութակ, թավջութակ, ալտ) միջազգային մեծ համարում ունեցող մրցույթին և արժանացել երկրորդ մրցանակի:
Հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված էին երաժիշտներ New England-ի (Բոստոն), Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի կոնսերվատորիաներից, մասնագետներ Ֆրանսիայից և Իտալիայից Արևիկին շնորհել են նաև հատուկ մրցանակ, որով հնարավորություն և իրավունք են ընձեռել շնորհաշատ ջութակահարուհուն 2012 թ. մենահամերգով հանդես գալու Կրեմոնայում` Ա. Ստրադիվարիուսի թանգարանում։
Մրցույթն անցկացվել է 3 տարիքային խմբերում և 3 փուլերով: 13-ամյա Արևիկը մասնակցել է 13-18 տարեկանների խմբում, երրորդ փուլում հանդես է եկել 11 մրցակիցների հետ, ծրագրում ներկայացնելով Բախի, Պագանինիի, Մոցարտի, Վենյավսկու, Տարտինիի ստեղծագործություններից:
Իտալիայի Կրեմոնա քաղաքում անցկացվող լարային գործիքների միջազգային մրցույթի կազմակերպիչներն էին Ա. Ստրադիվարիուսի հիմնադրամը, Կ. Մոնտեվերդիի անվան կոնսերվատորիան և ամերիկյան «Քոփիարդ» ջութակի ստուդիան։ Մրցույթի ընթացքն ու արդյունքները լայնորեն ներկայացվել է իտալական մամուլի կողմից: