Այս տարեվերջին արդեն կբացվի Շուշիի պատկերասրահը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, պատկերասրահն արդեն ունի շուրջ 360 աշխատանք, որոնցից միայն 100-ը նվիրաբերել է Հայաստանի նկարիչների միությունը: «Սակայն սա դեռ ամբողջը չէ, քանի որ ինձ մինչեւ հիմա զանգահարում են եւ պատրաստակամություն հայտնում նվիրաբերելու իրենց աշխատանքները»,- ասաց Կ. Աղամյանը' հավելելով, որ իրենք այլեւս նկարներ չեն ընդունի այնքան ժամանակ, մինչեւ կոնկրետ չհաստատվի պատկերասրահի վայրը եւ թե քանի նկար այն կկարողանա տեղավորել:
Կ. Աղամյանը հույս հայտնեց, որ աշխատանքները կընթանան բնականոն հունով, եւ տեղաբնակները շուտով կունենան այդքան սպասվելիք իրենց պատկերասրահը: «Ուրախալի է, որ այս ծրագրի նկատմամբ նմանատիպ աշխուժություն է նկատվում»,-շեշտեց Նկարիչների միության նախագահը: