80-ական թվականներին Լիբանանում Խ. Միության դեսպանությունում Հայկական գործերի պատասխանատու, հետագայում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ, այժմՙ «Գեւորգ Մոմջյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Ռոմեն Կոզմոյանի 3-րդ հոդվածն է սա մեր մշակութային հավելվածում: Այս անգամՙ սփյուռքահայ նշանավոր հրապարակագիր, գրող, խմբագիր, հրատարակիչ, ուսուցիչ, բանասեր, հայոց պատմության դասագրքերի հեղինակ Սիմոն Սիմոնյանի հետ Բեյրութում իր հանդիպումների ու նամակագրության մասին: Ավելացնենք, որ Սիմոն Սիմոնյանը հատկապես 60-70-ականներին իր «Սփիւռք» շաբաթաթաթերթով մեր ազգային-հասարակական ու գրական կյանքում շարժում ստեղծող, երբեմն անգամ փոթորիկ առաջացնող մարդ էր, մանավանդ ազգային ու ազգայնական հողի վրա Խ. Հայաստանի գրական չինովնիկների հետ գժտվելուց հետոՙ նաեւ հրատարակիչը սովետական գրաքննությանը չդիմացած գործերի: Այս առիթով արժե հիշեցնել նաեւ նրա գրական-գեղարվեստական գործերըՙ «Կը խնդրուի... խաչաձեւել» (1965), «Խմբապետ Ասլանին աղջիկը» (1967), «Սիփանայ քաջեր» (Ա եւ Բ հատորներ, 1967 եւ 1970), «Լեռնականներու վերջալոյսը», «Լեռ եւ ճակատագիր» (1972), «Անժամանդրոս» (1978 թ. տպագրված եւ իր կտակի համաձայնՙ միայն մահվանից հետո հրապարակված): Զանց ենք առնում նրա գրականագիտական ու պատմաբանասիրական երկերի, հրատարակած կոթողային բառարաններն ու մյուս գրքերի թվարկումը:
Այս անվան կողքին չեմ կարող չասել ջաղացպան Օվեյի որդի, Տալվորիկ գյուղից:
Ոչ մեկ գավառական երանգ ունի այս Օվեյի որդին, չնայած այն բանին, որ իր գործերում կարմիր թելի պես ներկա է իր ծագումը, Տալվորիկը, Սասունը:
Սիմոնյանի հետ հանդիպումներս շատ չեն եղել, հիմնականում, կասեի, նույնիսկ, հպանցիկ, կարճ ժամանակով, բացառությամբ մեկ-երկու դիպվածի:
Բեյրութում հրադադար էր, իսկ այդ օրերին մարդիկ արագ-արագ աշխատում էին անել այն, ինչ չէին հասցրել կամ վախ ունեին, որ չեն հասցնելուՙ սկիզբ ու վերջ չունեցող զինյալ ընդհարումների պատճառով:
Արմեն Դարյանի1 տիկինը Արսինեն եկավ դեսպանատուն եւ հայտնեց, որ Սիմոն Սիմոնյանը մեզ է սպասելու այսինչ օրը, այսինչ ժամին իր տպարանում: Երբեք չէի կարող մտածել, որ այդ այցելությունը, այդ տպարանը չի ջնջվելու իմ հիշողությունիցՙ իրարամերժ զգացողություններով: Նախ, ուրախ էի, որ հանդիպելու եմ Սիմոնյանին խաղաղ մի վայրում, ուր կարելի էր իր հետ երկար զրուցել, իր ներկայությունը վայելել, ապա փոխանցել հրավերը, որով պետք է մեկներ Հայաստան: Այն, ինչ տեսա նման էր մանուկներից զուրկ մնացած մի ճամբարի կամ մանկապարտեզի, ուր ամեն մի առարկա ու իր, ամեն շինություն հիշեցնելու էր նրանց աշխույժ տերերին, աղմուկ, իրարանցում, ժպիտ, փսլնքոտ լաց ու ծիծաղի կարկաչ... Տպարանը լուռ էր, մեքենաները սառած, տպագրված գրքերն ամբարված էին, փոշոտ ու մռայլ, զրկված ցրումի հնարավորությունից: Տպարանատերն իր միակ գործավարով (ազգությամբ քուրդ) դանդաղաշարժ էր, մեղմաձայն, տկար լինելու պատճառովՙ կքած ու սմքած: Այս բոլորին միանգամայն համահունչ էր շրջակայքը, ավերված, անմարդաբնակ, քարուքանդ շենքերի առջեւ թափառող շներով, անսովոր մարդու համարՙ սարսռազդու:
Պահի տպավորության հետ անհարիր էր մի զավեշտական պատմություն, որը պատճառ էր դարձել Սիմոնյանի, այդ օրերի, տկարությանը:
Սիմոնյանը, իր հոբելյանի առիթով, ԱՄՆ այցելության վերադարձից հետո, մեկնել էր Շվեյցարիա որդու մոտ եւ պապի ներկայությունից ուրախացած թոռները, Սիմոնի քնած ժամանակ, մահճակալի գլխից ցատկել էին փորին եւ աղեթափության պատճառ դարձել:
Լսելով պատմությունը ես չէի կարողանում ծիծաղս զսպել, պատկերացնում էի այս մանրակազմ ծերունուն եւ նրա վրա երջանկորեն ցատկրտող մանուկներին...
Խոսեցինք իր գրքերից, հիացումս հայտնեցի պատմվածքների շարքի («Տուն եւ Լեռ») եւ, հատկապես, «Պետոն» պատմվածքի համար: Ափսոս, որ այս մարդու գործերն ուշ եմ կարդացել, որով եւ շատ բան եմ կորած համարում:
«Պետոն» ինձ համար դարձավ անմոռաց գլուխգործոց, իր անողոք ճշմարտությամբ, հեղինակի կյանքի ճանաչողության բացառիկ օբյեկտիվությամբ ու ռեալիզմով: Պատմվածքի հերոսը կարող է կռվել, հաղթել ամենքին, բայց կռվել հանգուցյալի՞ դեմ, հիշատակի՞ դեմ, հիշողությա՞ն դեմ ... պարտություն է, դեռ կռիվը չսկսած:
Չեմ ուզում փիլիսոփայել, սակայն այս փոքրիկ գործը խորհելու առիթ է տալիս ու հիշեցնում Վահրամ Մավյանի դիարանում աշխատող հերոսին, որը սիրահարություն, ապա դավաճանություն տեսնելուց հետո է միայն հասկանում, թե ինչո՞ւ է իր աշխատանքը շատ սիրում ... Մեռելներն անդավաճան են ...
Սիմոնյանի հետ հանդիպեցինք նաեւ Գրիգոր Համամջյանի2 տպարանում, որն այն ժամանակ արդեն համակարգչային էր: Սիմոնյանը կանգնել էր խեղճացած, զարմացած, լսում էր Համամջյանի բացատրություններն ու ցուցադրությունները, հարց չէր տալիս, կարծես թե մտազբաղ էր եւ, հավանաբար, մտածում էր, թե այդ մեքենաներն այժմ րոպեների ընթացքում կատարում են այն աշխատանքը, որն ինքն արել է օրերի, ամիսների ու տարիների ընթացքում:
Եթե համոզված լինեի, թե Սիմոնը կհիշի Հեղնար աղբյուրը, ականջին կասեի, «Հբը կյանքդ ընչի՞ անցավ ...»
Մի նամակի պատմություն:
Թանկագին ընկեր Կոզմոյեան,
Ողջոյն:
Երէկ, հինգշաբթի, 12 ապրիլ, կրակի գիծն անցնելով, հասայ ընկ. Գառնիկ Աթթարյանի3 մօտ, որպէսզի կէսօրին միասին անցնինք Ձեզ մօտ, Սովետ. Մշակութային Կեդրոն: Խնդաց Գառնիկը, յայտնելով, որ Դուք արդէն ճամբայ ելած եք դէպի Հայաստան:
Բարեբախտութիւն մը եղաւ: Ուրբաթ այս առաւօտ իմացայ, բժիշկ ընկեր Միսաք Ալեքսանեանը կ՛երթայ Հալէպՙ Հայաստանէն վերադարձող իր տիկնոջը դիմաւորելու: Մասամբ կմխիթարուիմ գրելով այս գիրը, մաղթելով, որ այն հասնի Ձեզի:
Նախ, բարի ճանապարհ Ձեզի, բարի կեցութիւն Հայրենի երկինքին տակ եւ բարի վերադարձ:
Բաւական խօսելիք ունէի Ձեզի լաւ բաներու մասին:
***
Մեծարգո պրն Սիմոնյան,
Ձեր ապրիլ 12, 1984 թվակիր նամակը ստացա այնպիսի պայմաններում, որ չգրել չեմ կարող: Սպասել հանդիպման, պատմելու, տպավորությունս «սառած» կլինի:
Մի քանի ժամ էր անցել «Լեւ Տոլստոյ» ջերմանավի Լաթաքիայի նավահանգստից հեռանալուց, երբ բարձրախոսը հայտարարեց, թե նվաստս հրավիրվում է նավապետի խցիկ:
Հոգիս տակն ու վրա եղավ, մտածեցի (ինչպես միշտ լինում է) վատ բան, որ հեռագիր է եկել նավ: Ի՞նչ կարող էր լինել:
Խցիկի դռների մեջ ինձ էր սպասում նավապետը, ճեփ-ճերմակ համազգեստով, ոսկյա ուսադիրներով եւ լայնորեն ժպտում էր:
Փա՜ռք Աստծո, եթե ժպտում է, վատ բան չկա:
Նա մեկնում է ինձ մի կապտավուն ծրար եւ հայտնում, որ ծրարը, ինչ որ երիտասարդներ տվել են նավահանգստի հերթապահին, խնդրելով այն հանձնել «Լեւ Տոլստոյի» ուղեւորներից մեկին ...
Նավապետի խցիկից դուրս եմ գալիս ինչպես Վահագնը կասերՙ «ծիրան-ծիրան» ...
Ահա նամակի ոդիսականը: Ո՞վ էր բերել այն, արդյո՞ք Միսակը ...
Գրել էիք, թե «բավական խոսելիք ունեի Ձեզի հետՙ լավ բանելու մասին», եթե այն բանի մասին է, ինչ ես ու Էդիկը4 տեսանք, ապա կվերադառնամ րոպե առաջ:
30/IV, Երեւան
Որպեսզի նամակները հասկացվեն, պատմեմ նախաբանը:
Ձմռան մի կարճ օր, Սիմոնյանն առավոտյան զանգահարել էր Էդիկին եւ ասել, որ ժամը 16:00-ին գալու է դեսպանատունՙ մեզ մի գործով տեղ տանելու: Գնացինք իմ մեքենայով, քաղաքի ամենակործանված մի թաղ, ամայի ու անշունչ, մտանք մի հսկա շինություն, որի ճակատային մասը լրիվ կանգուն էր, ուր տեսանք իսկական հրաշք:
Բարձր առաստաղով, լայն լուսամուտներով մի մեծ սրահում ցուցադրված էին հազվագյուտ իրերի, անտիկ դրամների, կնիքների, արձանների, արծաթյա իրերի, թրերի, հրացանների ու ատրճանակների, ճենապակյա սպասքի եւ այլ ցուցանմուշներ: Այդ բոլորի մեջ կար միջին չափի, բրոնզաձույլ, Հիտլերի գլուխ: Ըստ Սիմոնյանի, դա միակ նմուշն է, երկրորդը չունի եւ, փաստորեն, շատ հազվագյուտ քանդակ է:
Թե ո՞վ էր տերն այս բոլորի, որն օգտվելով Բեյրութի պատերազմի հարաբերական դադարից, էքսպոնատները խնամքով ցուցադրել էր, համարակալած եւ կատալոգ էր պատրաստում, Սիմոնյանը մեզ ոչինչ չասաց, միայն հասկացրեց, թե տերն թանգարանային այդ արժեքները երկրից դուրս տանելու մտադրություն ունի:
Սիմոնյանի ցանկությունն ու նպատակն էր այդ արժեքները Երեւանին տալ եւ խոստացավ համոզել տիրոջը, իսկ Էդիկի եւ իմ այցելությունով նրան ապացուցել Հայաստանի պատրաստակամությունը, առավել եւս, եթե մենք կարողանանք տիրոջը Երեւան հրավիրելՙ բանակցելու:
Ահա, իմ կարծիքով, այս գործին էր վերաբերում Սիմոնյանի նամակում «խօսելիք ունէի Ձեզի հետՙ լաւ բաներու մասին» նախադասությունը:
Վերադարձիս, ցավոք, արդեն չկար փոքրամարմին, սակայն անվիճելիորեն, ինտելեկտի հսկանՙ Սիմոն Սիմոնյանը, չգտա նաեւ «թանգարանի» անհայտ տիրոջը կամ որեւէ հետք եւ մինչեւ օրս մտածում եմ, արդյոք դա՞ էր լինելու մեր զրույցը Սիմոնի հետՙ «լաւ բանելու մասին», թե՞ ...
30 ապրիլի, 2010 թ.
Հ. Գ. - Տարիներ անց, երբ Երեւանում Սիմոն Սիմոնյանի մեծարման մի երեկո կազմակերպվեցՙ նրա «Անժամանդրոս» գրքի գինեձոնի առիթով, Երեւան ժամանած Սիմոնյանի որդին ասաց, որ հոր արխիվներում իմ նամակը չի գտել: Արդյո՞ք այն Սիմոնյանին չէր հասել:
1 - Արմեն Դարյան - Լիբանահայ արձակագիր, թարգմանիչ, հրապարակագիր, բազմաթիվ գրքերի խմբագիր, հրատարակիչ:
2 - Գրիգոր Համամջյան - Բեյրութի «Թեքնոպրես» տպարանի սեփականատեր եւ տնօրեն: Մելգոնյան կրթ. հաստատության շրջանավարտ: Հայտնի կոմունիստ, որի արդիական հսկա տպարանում մեծամեծ տպաքանակներով տպագրվում էր նաեւ «Ղուրանը»...
3 - Գառնիկ Ադդարյան - Լիբանահայ բանաստեղծ, խմբագիր, հրապարակախոս, հասարակական-կուսակցական գործիչ, Լիբանանի կոմկուսի կարկառուն անդամներից, նույն կուսակցության հայկական ճյուղի պաշտոնաթերթ «Կանչ» շաբաթաթերթի խմբագիր:
4 - Էդիկ - Խոսքը Էդվարդ Նալբանդյանի մասին է, այժմՙ ՀՀ արտգործնախարար, որն իր դիվանագիտական կարիերան սկսել է Բեյրութում Խ. Միության դեսպանությունում:
Աղբյուր`http://www.azg.am/AM/culture/2011062505
|