Հայ բազմաշերտ մշակույթի պատմության մեջ կան անմահ դեմքեր, որոնց մասին հարկ է պարբերաբար խոսել ու փոխանցել նրանց վարքը սերնդեսերունդ, որպեսզի հայ երիտասարդը` անկախ նրանից` հայրենիքում է բնակվում, թե հայրենիքից դուրս, իմանա մեր մեծերին, որոնք հայ ինքնության վառ ներկայացուցիչներն են եղել:
Դարեր շարունակ հայ թատրոնի կայացման ու զարգացման հիմքում հիշատակվել է մեծանուն դերասանուհի Սիրանույշի անունը: Նա կարողացավ իր տաղանդի և ստեղծագործական ջիղի շնորհիվ հայ թատերական արվեստը նոր բարձունքի հասցնել:
Սիրանույշը (Մերոպե Սահակի Գանթարճյան) ծնվել է 1857 թվականի մայիսի 25-ին Կոստանդնուպոլսում: Առաջին քայլերը կատարել է 16 տարեկանում Ստամբուլում` Մաղաքյանի թատրոնում: Պետք է ասել, որ Սիրանույշի քույրը ևս տաղանդավոր երգչուհի և դերասանուհի էր, սակայն վաղ տարիքում էր կյանքից հեռացել:
1875-ից սկսած` դերասանուհին խաղացել է Ստամբուլի Վարդովյանի թատրոնում` որպես դրամատիկական դերասանուհի և օպերային երգչուհի, նրան գլխավոր դերեր են վստահել թուրքալեզու և հայալեզու պիեսներում, ինչպես նաև հայկական պատմական կլասիցիստական ներկայացումներում: Այնուհանդերձ, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական թատրոնների գործունեությունը Թուրքիայում խստիվ արգելվեց, ուստիՍիրանույշը դերասան Ադամյանի հետ տեղափոխվեց Թիֆլիս` հետագա տարիներին հռչակ ձեռք բերելով Երևանի, Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոնների ներկայացումներով խաղացած անմոռանալի դերերով: 1881 թվականից Սիրանույշը հյուրախաղերի է մեկնում Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան և Եգիպտոս, որտեղ նրան մեծ խանդավառությամբ են դիմավորում: Ապա մեկնում է Նախիջևան, Շուշի, Ալեքսանդրապոլ, որտեղից էլ` Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ:
Ժամանակակիցները փաստում են, որ Սիրանույշի խաղն աչքի էր ընկնում ուրույն զգացմունքայնությամբ և կերպարների խորը մեկնաբանությամբ: Իր կյանքի 65 տարիների ընթացքում նա խաղացել է ավելի քան 300 դեր: Հայ և համաշխարհային թատրոնի պատմության մեջ նա հավերժացել է` որպես կին, որը գերազանց կերպով մարմնավորել է Համլետին:
Կյանքից հեռանալով 1932 թվականին` 75 տարեկան հասակում` Սիրանույշը, ցավոք, ոչ մի ֆիլմ կամ ժապավեն իր դերակատարումներով չի թողել: Նրա մասին պատկերացում ենք կազմում ժամանակակիցների հուշերից, քննադատների հիացական հոդվածներից և մի շարք լուսանկարներից: Կասկածից վեր է, որ ապրելով լարված ժամանակաշրջանում` նրան հաջողվեց հայ թատրոնին նոր որակ հաղորդել և թատերական արվեստի նկատմամբ սեր արթնացնել հասարակ ժողովրդի մոտ…
Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/2011-04-24-07-38-31/371-siranuysh
|