Գլխավոր » 2011»Օգոստոս»17 »
Ստամբուլի «Մարալ» պարային համույթի անդրանիկ համերգը Երևանում
15:05
Ստամբուլի «Մարալ» պարային համույթի անդրանիկ համերգը Երևանում
Օգոստոսի 16-ին լեփ-լեցուն էր Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական թատրոնի սրահը. Ստամբուլի «Մարալ» պարային համույթի անդրանիկ ելույթն էր Հայրենիքում, որը բացվեց ողջույնի ջերմ խոսքերով և «Տոնական» պարի խրոխտ կատարմամբ:
Բազմաբնույթ էր համերգացանկը` ազգագրական պարեր, մարտապարեր, շենշող հայուհիների նազանքով կատարումներ, որոնք բեմադրել է խմբի գեղարվեստական ղեկավար Կարպիս Չափքանը:
Թե´ նվագախմբի արհեստավարժ կատարումները, թե´ հայրենաշունչ երգերն ու պարերը արժանացան հանդիսականների ջերմ ընդունելությանն ու բուռն ծափահարություններին:
Համերգի վերջում «Մարալ» համույթի կողմից հուշանվերներ հանձնվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանին, ճանաչված ու սիրված երգահան-երաժիշտ Արա Գևորգյանին, Մաշակ-Եղիա Օհանյան-Չաքըրին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին պարգևներ հանձնեց տեր և տիկին Չափքաններին, ովքեր Սփյուռքում կարողանում են պահել ու պահպանել հայի ոգին, երգն ու պարը:
Նախարարն իր ոգևորիչ ու հայրենաշունչ ելույթով նորանոր հաջողություններ մաղթեց «Մարալ»-ին, Սփյուռքում ապրող բոլոր հայերին` հույս հայտնելով, որ «Մարալ»-ը աշխարհի դեռ շատ բեմահարթակներ կնվաճի ու կգերի հայ երգին ու պարին կարոտ շատ սրտեր: