Գլխավոր » 2011»Օգոստոս»6 »
System of a Down-ի շրջագայությունների ժամանակացույցում ավելացել է Մեքսիկան
14:34
System of a Down-ի շրջագայությունների ժամանակացույցում ավելացել է Մեքսիկան
Աշխարհահռչակ հայ-ամերիկյան System of a Down ռոք խումբը, որն այս տարի առաջին անգամ շրջագայելու է Լատինական Ամերիկայի երկրներում, համերգ կունենա նաև Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում: Ինչպես հայտնում է խմբի պաշտոնական կայքը, համերգը կայանալու է սեպտեմբերի 28-ին քաղաքի մարզական պալատում:
Խմբի լատինամերիկյան շրջագայությունն անցնելու է հետևյալ ժամանակացույցով. առաջին երկու համերգները կայանալու են Բրազիլիայում` հոկտեմբերի 1-ին` Սան Պաուլոյում և հոկտեմբերի 2-ին` Ռիո դե Ժանեյրոյում: Ի դեպ, Ռիո դե Ժանեյրոյի համերգի տոմսերն արդեն սպառվել են: Հոկտեմբերի 5-ին խումբը հանդես է գալու Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ հոկտեմբերի 7-ին` Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Խմբի լատինամերիկացի երկրպագուները մեծ ուրախությամբ են ընդունել այդ լուրը, ինչը փաստում են System of a Down-ի պաշտոնական կայքում երկրպագուների գրած բազմաթիվ շնորհակալական խոսքերը:
System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, վերամիավորման մասին պաշտոնապես հայտարարել է 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում առանձին, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել էր Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան: