Կառավարության շենքի բակում Թամանյանի նախագծով թմբուկի կառուցումը, որքան մոտենում է իրականությանը, այնքան ավելանում են դրա շուրջ իրար հակասող կարծիքներն ու մեկնաբանությունները:
Քանի որ «Aysor.am»-ն արդեն խոստացել էր շարունակել հնչող կարծիքների շղթան, որոշեցինք առավել մասնագիտական տեղեկություններ ստանալ Ճարտարապետների միության նախագահից: Բայց վերջինիս արձակուրդում գտնվելու պատճառով մեզ հետ զրուցեց միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը:
Նա, թեմային ծանոթանալուց անմիջապես հետո, հայտարարեց, որ ինքն անձամբ չի տեսել նախագիծը, Քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդում ընդգրկված չէ և չի մասնակցել քննարկմանը: «Սակայն մենք ունենք մեր դիրքորոշումը»,-ասաց Ալ. Բադալյանը և պարզաբանեց, որ թմբուկի կառուցման հարցում այսքան շտապել պետք չէ. «Մենք խնդրում ենք երկրի ղեկավարությանը, որպեսզի այս նախագիծը մասնագիտական փորձաքննության անցնի: Ես անձամբ չեմ տեսել, բայց գիտեմ, որ այն հեռու է թամանյանական նախագծից, փոխված են ճակատները, հարկեր են ավելացված, որպեսզի այնտեղ նախարարությունները տեղադրվեն»: Նրա հավաստմամբ` այդ թմբուկը չի համապատասխանում ներկայիս հրապարակի կառուցվածքին, քանի որ Թամանյանի նախագծով հրապարակը ասիմետրիկ էր և այդ թմբուկը պետք է լիներ նրա անկյուններից մեկը. «Իսկ հիմա թմբուկի տեղադրումով կունենանք անհավասարակշռված հրապարակ»,-ասաց փոխնախագահը:
Անդրադառնալով թմբուկը կառուցելու որոշման քվեարկությանը, Ալ. Բադալյանը տեղեկացրեց, որ միությունից 7 ճարտարապետներ նույնպես մասնակցել են, որոնցից 1-ը դեմ է քվեարկել, մյուսը` ձեռնպահ: Իսկ կողմ քվեարկած 21 անդամները, Բադալյանի խոսքով, որոշման ընդունումից հետո իրենց բավարարված չեն զգացել և տարաձայնություններ են ունեցել: Պատճառը, ըստ «Aysor.am»-ի զրուցակցի, նախագծի` քվեարկությունից առաջ և հետո բոլորովին տարբեր բնութագրում է. «Քննարկել են` որպես թամանյանական նախագիծ, բայց որոշումն ընդունվել է այլ ձևակերպումով. կողմ` թմբուկի կառուցման ծրագրին և այդ կառույցը վարչական նշանակությամբ օգտագործելու առաջարկին: Դա է անհասկանալին»: Բադալյանը նաև ավելացրեց, որ թմբուկն, ի վերջո, պատմական նշանակության կառույց է և պատմաբանների կամ հուշարձանագետների կարծիքների լսում ևս ենթադրում է:
Արդյոք որևէ մասնակցություն վերը նշված մասնագետներն ունեցել են խնդրի քննարկմանը, փորձեցինք պարզել Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տնօրեն Սերժիկ Առաքելյանից: Նա ասաց, որ խնդիրն արդեն քննարկվել է և երբ դրվի հանրային քննարկման, ինքն իր հերթին կասնակցի: Քաղաքապետարանի գրավոր պատասխանից արդեն տեղեկացված լինելով, որ «թմբուկի կառուցման հարցը հանրային քննարկման հարց չէ», փորձեցինք պարզել, թե ի՞նչ այլ հանրային քննարկում է լինելու: Սակայն, Ս. Առաքելյանը պատասխանեց, որ ինքն այդքանից բացի ուրիշ տեղեկությունների չի տիրապետում, բայց կարծում է, որ կլինի քննարկում, որին գործակալությունն իր մասնագետներով կմասնակցի:
Թե ինչպիսին կլինի հաջորդ, դեռևս անհայտ քննարկումը, պարզ կլինի, թերևս, միայն քննարկումից հետո:
Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/06/30/badalyan/
|