Այսօր Միքայել Թարիվերդիևը կդառնար 80 տարեկան: Կոմպոզիտորը ներկայացնելու կարիք չունի: Նրա երաժշտությունը գիտի յուրաքանչյուրը, ով նայել է «Ռեզիդենտի սխալը», «Գարնան տասնյոթ ակնթարթ» կամ «Բաղնիքդ անուշ» ֆիլմերը գոնե մեկ անգամ:
Նրանք ստեղծվեցին 70-ականներին, այդ ժամանակ էլ Մաէստրոյին եկավ նրա իսկական հաջողությունը:
Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ստեղծագործական բաժինը Արամ Խաչատրյանի դասարանում: Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում: Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների` 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»` Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով: Թարիվերդիևը կինոյում ստեղծագործել է 1958 թ-ից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն: Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար:
Թարիվերդիևն արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին (3 անգամ), Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին: 1997 թ-ին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը:
Մոսկվայում այս օրերին անց կկացվի կոմպոիտորին հիշատակին նվիրված փառատոն: Օգոստոսի վերջին մեկնակում է 1999 թ-ից` 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվող երգեհոնահարների Թարիվերդիևի անվան VII Միջազգային մրցույթը: Արդեն ռեկորդային մասնակիցներ են դիմել` 52 կատարող 26 երկրներից:
Թարիվերդիևի անունով ինքնաթիռ են անվանել Ռուսաստանում: «Միքայել Թարիվերդիև» անվամբ ինքնաթիռի շնորհանդեսը տեղի է ունեցել Կալինինգրադի օդանավակայանում 2007թ. սեպտեմբերին:
Որքան նայեցի ինտերնետում չգտա հայազգի մեծ կոմպոզիտորի 80-ամյակին նվիրված միջոցառումներ մեզ մոտ:
Աղբյուր`http://www.armversion.am/2011/08/15/%D5%A9%D5%A1%D6%80%D5%AB%D5%BE%D5%A5%D6%80%D5%A4%D5%AB%D6%87%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-80-%D5%AF%D5%A4%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D6%80/
|