Թումո՝ որտեղ երեխաները կբացահայտեն իրենց կարողությունները
2001-2003 թթ.-ին Սիմոնյան կրթական հիմնադրամի հիմնադիրներից Սեմ Սիմոնյանը մտորում էր Հայաստանում ստեղծել ինտերնետ ակումբ, քանի որ այն ժամանակ երկրում համացանցին միանալու հնարավորությունները սահմանափակ էին, և դրանով ենթադրվում էր երեխաների համար համացանցից անվճար օգտվելու հնարավորություն ստեղծել:
2004-2005 թթ.-ին, երբ խնդիրն ավելի գործնական սկսեցին քննարկել, ինտերնետ ակումբի գաղափարն այլևս չէր բավարարում. եթե հնարավորություն տրվի օգտվել համացանցից, բայց ուղղություն ցույց չտրվի, ապա համաշխարհային սարդոստայնում աննպատակ թափառելուց որոշ ժամանակ անց երեխան կձանձրանա: Այդ պատճառով ընտրվեց ավելի լուրջ ուսուցման տարբերակը, որոշվեց զբաղվել նախագծերով, իրականացնել լուրջ ծրագրեր:
2003 թ.-ին Երևանի Թումանյանի անվան այգու տարածքում սկսվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կոնտրոնի շինարարությունը: 8 տարի անց այն արդեն պատրաստվում է ընդունել իր սաներին: Օգոստոսի 14-ին կենտրոնը պաշտոնապես ու հանդիսավորությամբ կբացի իր դռները:
Սիմոնյան կրթական հիմնադրամի տնօրեն Մարի Լու Փափազյանը «Առաջին լրատվականին» պատմեց, որ երեխաների ընդունելության համար չափանիշներ չկան: Ցանկացած երեխա կարող է գալ և ընդունվել, ոչ մի ունակություն նախապես չի ստուգվելու: Սա առիթ կտա ամեն երեխայի բացահայտել իր կարողությունները, իսկ եթե ընթացքում պարզվի, որ երեխան չունի ընդունակություն կամ հետաքրքրություն, ապա չի շարունակի ուսուցումը: «Հայաստանի մեջ միայն «ամենալավերն» են մասնակցում օլիմպիադաների, մնացածը չեն բացահայտում իրենց տաղանդը ու ոչ մի բանի չեն մասնակցում: Մեղք են»,- ասում է Մ.Լ.Փափազյանը:
Կենտրոնում երեխաները կուսումնասիրեն թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա և կայքերի մշակում: Ուսուցումն իրականացվելու է անհատական և խմբային տարբերակով: Կենտրոնի մասնագետները նախապատրաստել են ծրագրեր, որոնք քայլ առ քայլ սովորեցնում են երեխաներին, և ողջ աշխատանքը կատարվելու է ինքնուրույն: Վարժություններ կան կայքի, անիմացիայի, ֆիլմի մշակման մասին, երեխան ընտրում է, ծանոթանում և ցանկության դեպքում ներմուծում է իր ուսուցման պլանի մեջ ու որոշակի ժամանակում կատարում: Կենտրոնի մասնագետները ստուգում են աշխատանքը և խորհուրդներ տալիս: Ծրագրերին 6 ամիս ընդհանուր ծանոթանալուց հետո երեխան ընտրում է մի ուղղություն և մասնագիտանում դրանում:
«Սա համալսարան չի, սա ինքնուրույն ուսուցում է: Եթե 18 տարեկանում երեխան որոշի շարունակել ուսուցումն այդ ուղղությամբ, կկարողանա հանգիստ ընդունվել ցանկացած համալսարան: ԱՄՆ-ում մանուկները համացանցից օգտվելու, համակարգչային ծրագրեր փոխելու հարցում շատ վարժ են, ճկուն: Ուզում ենք, որ Հայաստանի երեխաները նույնպես նման ճկունություն, ընդհանուր զարգացում ունենան և ոչ միայն թեորիապես, այլև գործնականում կատարած լինեն»,- շեշտում է Մ.Լ.Փափազյանը:
Ուսուցման առաջին փուլի ավարտին երեխան իր աշխատանքները տեղադրում է իր իսկ ստեղծած կայքում, որն էլ հենց լինում է նրա վկայականը: Աշխատանքը լավ կատարելու դեպքում երեխան միավորներ է ստանում: Եթե 1-1.5 տարվա ընթացքում կուտակած միավորները բավարարում են, երեխան իրավունք է ստանում բարձրանալ կենտրոնի երկրորդ հարկ: Այստեղ երեխան ինքն է ծրագիր ներկայացնում, օրինակ՝ որևէ խաղի ստեղծում: Կենտրոնի խորհրդի անդամները քննարկելու են այն ու, եթե հետաքրքիր գաղափար լինի, կտրամադրվի տարածք, որտեղ երեխան 4-6 ամսում կձևավորի իր ստուդիան և կաշխատի այդ նախագծի շուրջ: Դրա պատրաստի արտադրանքը պետք է նպատակ ունենա` ներկայացնել միջազգային փառատոնի, մրցույթի:
«Երեխաների մոտ շատ արագ և հեշտ է ստացվում սովորելը»,- պատմում է Մ.Լ.Փափազյանը և հավելում. «Ընդունվելուց հետո երեխան պետք է աշխատի, դասընթացին հետևի: Եթե տեսնենք, որ երեխան լուրջ չի մոտենում կամ չի կատարում առաջադրանքը, ապա կկորցնի բալերը, ինչից հետո կկորցնի նաև անդամությունը ու դուրս կմնա»:
Կենտրոնը նախատեսում է սկզբնական շրջանում ընդունել 50 սան, ապա փուլ առ փուլ ավելացնել նրանց թիվը, իսկ առավելագույնը միաժամանակ կսովորեն 500 աշակերտներ: Ուսուցումն արտադպրոցական է լինելու, որպեսզի չխանգարի դպրոցի դասերին: Գործելու է նաև դպրոցական ծրագիր մարզերի համար՝ մարզային որևէ դպրոց կարող է գալ ու առավոտից երեկո անցկացնել կենտրոնում:
Ծրագրի բովանդակության վրա հատուկ խումբ է աշխատում, հսկողությունն էլ արվում է ԱՄՆ մասնագետների կողմից: Վերը նշված 4 ոլորտներով շատ է նաև պատրաստի բովանդակությունը (3D մոդելավորում, ֆոտոշոփ, ֆլեշ և այլն), ինչը նույնպես օգտագործվելու է: Թեև սկզբնական շրջանում ուսուցումը հայերեն է լինելու, բայց ամեն ինչ դժվար է հայերեն թարգմանել, նախատեսվում է երեխաներին նաև անգլերեն սովորեցնել: Ընդ որում, լեզվի իմացությունը կարևորվում է, քանի որ ուսուցման ընթացքում երեխան կարիք է ունենալու շփվել փորձագետների հետ, որոնք հաճախ չեն տիրապետում հայերենին:
«Թումոն աշխարհում եզակի երևույթ է, հատուկ ծրագիր, որին ոչ մի այլ վայրում չենք հանդիպել: Կան որոշ ուսուցանող ակումբներ, IT ճամբարներ, բայց մշտական գործող կենտրոն չկա»,- փաստում է Մ.Լ.Փափազյանը:
Խոսելով կենտրոնի ֆինանսական խնդիրների մասին՝ հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց, որ մինչև 2010 թ. շենքի շինարարության համար Epygi Labs-ի հայկական մասնաճյուղը ներդրել է 43 մլն դոլար: 2010 թ.-ին կառավարությանն է ներկայացվել «Թումոյի» ծրագիրը հաջորդ 3 տարիների համար՝ ընդհանուր առմամբ 6.6 մլն դոլարի ներդրումով: Լինելով կրթական-բարեգործական ծրագիր՝ «Թումոն» ազատված է հարկերից: Կենտրոնը պարտավորվել և 1.06 մլն դոլարով վերակառուցում է նաև Թումանյանի անվան այգին, որը մինչև այս տարվա վերջ պատրաստ կլինի:
Հավելենք, որ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հիմնադրամը զբաղվում է միայն ՀՀ-ում այս ծրագրերն իրականացնելով:
Գայանե Խաչատրյան
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_29183.html
|