Գլխավոր » 2011»Հունիս»23 »
Տիգրան Սարգսյանն ընդունեց Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահին
14:52
Տիգրան Սարգսյանն ընդունեց Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ, կարդինալ Ջիանֆրանկո Ռավասիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին վարչապետը նշել է, որ Վատիկանի հետ ձևավորվել են այնպիսի հարաբերություններ, որոնցով կարելի է միայն հպարտանալ, քանի որ դրանց հիմքում ընկած են ընդհանուր քրիստոնեական արժեքներ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար կարդինալ Ռավասին նշել է, որ մշակութային երկխոսությունը և մշակութային ժառանգության պահպանությունը կարևոր նշանակություն ունեն Վատիկանի համար: Այդ համատեքստում Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահը բարձր է գնահատել ՀՀ մշակույթի նախարարության հետ ձևավորված համագործակցության մակարդակը:
Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն ժամանակակից աշխարհում քրիստոնեական արժեքների նշանակության ու կարևորության մասին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջիանֆրանկո Ռավասիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը համատեղ ցուցահանդեսների, հոգևոր երաժշտության համերգների ու այլ ձևաչափերով: Զրուցակիցները շեշտել են մշակութային համագործակցության կարևորությունը թե՛ անցյալի պատմական ժառանգության պահպանության, թե՛ մշակութային փոխճանաչողության առումով:
Հանդիպման ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ այցի ընթացքում կարդինալ Ռավասին կկարողանա ծանոթանալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, և ծրագրված հանդիպումները կունենան գործնական շարունակություն: