Գլխավոր » 2011»Օգոստոս»10 »
«Ճանապարհորդող նոտաներ - 2011» միջազգային երաժշտական փառատոնը` Հայաստանում
18:59
«Ճանապարհորդող նոտաներ - 2011» միջազգային երաժշտական փառատոնը` Հայաստանում
Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը և «Ճանապարհորդող նոտաներ» ամերիկյան ծրագիրը ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ` ս. թ. օգոստոսի 13- 24-ը Հայաստանում անցկացնում են «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական փառատոնը, որը եզակի հնարավորություն է ընձեռում շնորհալի պատանի երաժիշտներին՝ մասնակցելու արտերկրի և Հայաստանի անվանի երաժիշտների վարպետության դասընթացներին, համագործակցելու օտարերկրյա հասակակից երաժիշտների հետ, համատեղ հանդես գալու համերգային ծրագրերով:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է վարպետության դասերի ինտենսիվ ծրագիր, կամերային երաժշտության սեմինար պարապմունքներ, սեկցիոն և նվագախմբի համար նախատեսված փորձեր, համերգներ հանրապետության տարբեր քաղաքներում:
«Ճանապարհորդող նոտաներ» փառատոնն ամեն տարի անցկացվում է մի որևէ երկրում, հանդիսանալով միջմշակութային շփման առիթ: Տարբեր երկրների երիտասարդ երաժիշտները և բարձրակարգ ուսուցիչները հանդիպում են ընդունող երկրի ուսանողների և ուսուցիչների հետ` համատեղ սովորելու և ստեղծագործելու: «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական հայաստանյան փառատոնն` Traveling Notes-ը 2011 թ. առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբով: Վաթսունից ավելի երաժիշտներ և ուսուցիչներ են հավաքվել Հայաստանում 11 երկրներից. Կանադայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Կոլումբիայից, Պերուից, Բրազիլիայից, Միացյալ Թագավորությունից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից: Մասնակից երաժիշտները 14 - 27 տարեկան են:
Ժյուրիի կազմում ընդգրկված են ԱՄՆ Վիրջինիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ժորժ Ագուիրը, Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի դասախոսներ:
Փառատոնի ընթացքում հավաքական երիտասարդական նվագախումբը հանդես կգա չորս համերգով /մուտքն ազատ է/.
- օգոստոսի 20-ին` Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում /սիմֆոնիկ նվագախումբ/ - օգոստոսի 21-ին` Երևանի «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում /փողային և հարվածային գործիքներ/ - օգոստոսի 22-ին` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը /լարային գործիքներ/ - օգոստոսի 24-ին` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում /սիմֆոնիկ նվագախումբ/ եզրափակիչ համերգ և փառատոնի հանդիսավոր փակում: Traveling Notes-ի առաջին փառատոնը տեղի է ունեցել 2007թ. Դոմինիկյան Հանրապետությունում, հաջորդը` 2008 թ. Պերույում, 2009թ.` ԱՄՆ-ում, 2010թ.` Բելգիայում, 2011թ. հուլիսին` Կոլումբիայում, իսկ այժմ` ս. թ. օգոստոսի 13- 24-ը` Հայաստանում: