Հերթական վանդալային հարձակումն է կատարվել Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա, որն ընդամենը 2 ամիս առաջ վերաօծվել էր Գարեգին Երկրորդի կողմից վերջինիս Վրաստան կատարած հովվապետական այցի ժամանակ։
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 19-ին, երեկոյան ժամը 4-ի սահմաններում, Թբիլիսիում` Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի են մտել 2 վրացի երիտասարդներ, որոնցից մեկը մոտեցել է խորանի մոտ դրված Աստվածաշնչին, սկսել կոպիտ կերպով թերթել այն, ինչի արդյունքում պոկվել է էջերից մեկը։ Երիտասարդներն, ամենայն հավանականությամբ, հարբած են եղել։ Այդ պահին եկեղեցում եղել են միայն 2 աշխատակցուհիներ, հավաքարարն ու մոմավաճառը: Դրանից հետո նույն երիտասարդը բազմել է եպիսկոպոսական գահին: Կանայք փորձել են կարգի հրավիրել նրան, դուրս հանելով երիտասարդներին եկեղեցուց: Վերջիններս պոկել են եկեղեցու դռներին կախված հայտարարությունները եւ այրել դրանք:
Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մամուլի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանկ նշել է, որ իրենք դիմել են ոստիկանություն: Նա համոզված է, որ այս միջադեպը հուլիսի 5-ին Վրաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխության հետեւանքն է, որը նախատեսում է իրավական կարգավիճակ տալ երկրի կրոնական փոքրամասնություններին: Բացի այդ, ինչպես նշել է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իրենք պատրաստվում են դիմել Վրաստանի ներքին գործերի նախարարություն եւ պետական այլ կառույցների, ինչպես նաեւ տեղի ունեցածի մասին տեղեկացնել Վրաց ուղղափառ եկեղեցուն:
Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշել է, որ սա վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների ազգայնամոլ քարոզչության արդյունքն է։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ նույն եկեղեցու մոտակայքում գտնվող հյուրանոցի պատին հայհոյանքներ էին գրվել հայերի հասցեին։
Աղբյուր`http://top-news.am/index.php?newsid=2770&ng=7&nt=4
|