Գլխավոր » 2011»Օգոստոս»31 »
Վանի Վարագավանքի վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է
00:18
Վանի Վարագավանքի վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է
Վանից ոչ հեռու գտնվող Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող հայտնի Վարագավանքի վերանորոգման նախագիծն արդեն պատրաստ է։
Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հիշյալ գյուղի իմամ Մեհմեդ Չոբանը՝ նշելով, որ Վարագավանքի վերոնոգման համար անհրաժեշտ է հարեւանությամբ գտնվող մզկիթը քանդել։ «Նոր մզկիթն արագորեն կառուցվում է։ Հենց այն կառուցվեց, հինը քանդվելու է եւ կսկսվի Վարագավանքի վերականգնումը»,-նշեց իմամը։
Գյուղի իմամը շեշտեց, որ Տուրիզմի եւ մշակույթի Վանի նահանգային վարչության աշխատակիցները եկել են Վարագավանք՝ իրենց հետ բերելով վերականգնման նախագիծը, որը ներառում է վանական համալիրի ամբողջական վերանորոգում։ Մեհմեդ Չոբանը հիշեցրեց, որ ինքը երկար տարիներ խնամում է բարձիթողի վիճակում գտնվող վանական համալիրից մնացած հատվածները։
Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչի վերաբացումից հետո Յուքարըբաքրաչլըի գյուղացիները դիմել էին Վանի նահանգապետարան եւ մշակույթի ու տուրիզմի նահանգային վարչություն՝ իրենց գյուղում գտնվող եկեղեցական համալիրը վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ Վարագավանքը կառուցվել է Ս.Հռիփսիմեի կողմից այդ վայրում թողնված Քրիստոսի խաչափայտի մասունքի տեղում՝ Վարագ լեռան լանջին: Սկզբում կառուցվել է Ս.Նշան եկեղեցին, այնուհետ եկեղեցիների քանակը հասել է 7-ի: