Գլխավոր » 2011»Օգոստոս»3 »
Վարդան Դևրիկյանը Երևանում կաթողիկոսի նստավայրի կառուցումը սխալ է համարում
14:32
Վարդան Դևրիկյանը Երևանում կաթողիկոսի նստավայրի կառուցումը սխալ է համարում
ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը կարծում է, որ վերջին շրջանում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի պահվածքն ու հայտարարություններն արտառոց են։ Անդրադառնալով հուշարձանագետի՝ հնադարյա վանքերն ու եկեղեցիներն անուշադրության մատնելու համար կաթողիկոսի ռազմավարության քննադատությանը՝ նա նշեց. «Անցյալում նա [Սամվել Կարապետյանը] կրկնակի հերոս էր, իսկ հիմա դարձել է կրկնակի զոհ»։ Ըստ Դևրիկյանի՝ գիտնականն օգտագործվում է եկեղեցիների դեմ նորօրյա հարձակման համար, և նրա միջոցով հիմնավորում են, որ եկեղեցին եղել է պետության կործանման պատճառ։
Դևրիկյանի համոզմամբ՝ հայ ազգին նետված մեծագույն մարտահրավերներից մեկն էլ այն է, որ այսօրվա ազգության համար դավանանքը կապ չունի։ «Եթե առաջ ասում էին կապ չունի, թե որ հարանվանությանն է պատկանում, ապա հիմա ասում են՝ կրոնը կապ չունի՝ հայը մնում է հայ,- նշեց նա։- Որևէ մեկը չի կարող կրոնի համար հային ազգությունից օտարել, բայց մենք պիտի իմանանք, որ եթե Հայ Եկեղեցին չլինի, մենք կփսորվենք մյուս ազգությունների մեջ»։
Պատասխանելով Tert.am-ի հարցին՝ այսօրվա հնադարյա կործանվող վանքերն անուշադրության մատնելով արդյո՞ք նպատակահարմար է Աբովյան փողոցի խաչմերուկում կառուցել կաթողիկոսի նստավայր, որն էլ պիտի ստվերի գողտրիկ, հին Երևանի ոգին կրող եկեղեցին, գիտնականը պատասխանեց. «Ես Մայր Աթոռում եմ աշխատում վաղուց, և որոշ բաներ չեմ կարող ասել»։ «Այսինքն, դուք գտնում եք, որ դա բարոյապես ճիշտ չէ, սակայն այդ մասին չե՞ք ուզում խոսել»,- հարցին Դևրիկյանը դրական պատասխան տվեց. «Այո»։