"Դեպի վերջ" ` հավասար է "էնդշպիլ" + "Աղետ" կամ էլ հավասար է իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սեմյուել Բեքեթի երկու պիեսները մեկ ներկայացմամբ, "Գոյ" փորձարարական թատրոնի բեմում, Արթուր Սահակյանի բեմադրությամբ:
"էնդշպիլը"- երկրագնդի վերջին բնակիչների պատմությունն է` կույր անդամալույծ Համի: Բեքեթի բնորոշմամբ` իր կյանքի շախմատի պարտիան ի սկզբանե տանուլ տված թագավորի, նրա ծառա Քլովի ու Համի ծնողների` Նելլի ու Նագի պատմությունն է:
"Աղետը" `կոչ է ի պաշտպանություն արվեստագետի ազատ ստեղծագործելու իրավունքի:
Իսկ այս պատմության հաջողությանը նպաստել էր Կարինե Խոդիկյանի անթերի թարգմանությունը, Վահագն Թևանյանի ազդեցիկ բեմանկարչությունը, դերասանների` առաջինից մինչ վերջին րոպեն հանդիսատեսին լարված պահող խաղը, և հատուկ այս ներկայացման համար գրված Արթուր Մանուկյանի և Քրիստ Մանարյանի հուզական "Օրորը"` Անուշ Արշակյանի կատարմամբ:
Ասենք նաև, որ ռեժիսոր Արթուր Սահակյանի այս ներկայացումը տարիներ սպասված հանդիպում էր Բեքեթի աբսուրդի թատրոնի հոռետես, սակայն մարդկության հանդեպ անսահման սեր կրող աշխարհի հետ: Սպասված գոնե նրանց համար, ով տեսել ու հիշում էր տարիներ առաջ այս նույն բեմում նրա բեմադրած Իոնեսկոյի "Ռնգեղջյուրն" ու Բեքեթի "Գոդոյին սպասելիս" ներկայացումները:
Ու դահլիճում գտնվողներից յուրաքանչյուրը, թվացյալ անհեթեթ ու անհասկանալի, իրականում` մոտ ու ճանաչելի հերոսների հետ վերապրեց իր կորուսյալ աշխարհը: